Տեղյակ չեմ եղել Փաշինյան–Ալիեւ քննարկումից, բայց չեմ բացառում, որովհետեւ միշտ էլ բարձր մակարդակներով հանդիպումների կամ էլ հեռախոսազրույցի ժամանակ կարող են քննարկվել տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում օրակարգում է եղել տարածաշրջանի վեց երկրների հարթակի ձեւավորման հարցը:

«Հասարակությունը պետք է հասկանա, որ եթե նմանատիպ խոսակցություն գնացել է, եւ այդ մասին մեր երկրի ղեկավարը հարկ չի համարել տեղյակ պահել, ուրեմն գտել է, որ դա սաղմնային փուլում է եւ իմաստ չկա ներկայացնել հասարակությանը, որովհետեւ չգիտես, թե հետո ոնց կլինի։ Հետեւաբար հասարակությունը պետք է իմանա, որ եթե Թուրքիայի նախագահը այդպիսի հայտարարություն է անում, միգուցե ինչ–որ նպատակներ է հետապնդում»,– ասաց Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել։

«Թուրքիան լինելով հզոր պետություն, շեշտը դնելով իր խոսքի ծանրակշռության վրա, այդ դեպքում կփորձեր ավելի ազդեցիկ դիրք ունենալ, նաեւ Արցախի հետ կապված բանակցային գործընթացներում՝ իրենց փոքր եղբոր կամ բարեկամական պետության շահերն առավել նպաստավոր ներկայացնելու համար։ Թե ինչ շարունակություն կունենա 6–ի հարթակի ձեւավորման մասին խոսակցությունները, տարբեր հարցերից է կախված։ Պետք է հասկանալ՝ արդյո՞ք չի կրկնօրինակվում, կամ ինչքանո՞վ է կրկնօրինակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին վերապահված գործառույթների ոլորտը»,– ընդգծեց իշխող ուժի պատգամավորը։

Հովիկ Աղազարյանը դեմ չէ 6–ի հարթակի ստեղծմանը, բայց շեշտում է, որ որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով, այսինքն՝ լսելի լինի բոլոր 6 պետությունների ձայները։

«Այստեղ դեր չպետք է կատարի՝ երկրիդ մեծ կամ փոքր լինելը, հետեւաբար իր ձայնը չպետք է տարբերվի Ռուսաստանի կամ էլ Թուրքիայի ձայնից։ Այս նրբությունները պետք է հաշվի առնել, բոլոր կողմերի համար պիտի ընդունելի է, որ դա պետք է լինի հարթակ, որտեղ չոտնահարվեն որեւէ մեկի պետական շահերը, քննարկվեն տարածաշրջանային հարցերը եւ դրանք ունենան բոլորի համար ընդունելի լուծումներ, այդ դեպքում արժե քննարկել այդ ձեւաչափի ստեղծումը»,– նշեց ՔՊ–ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։