Դատարանն այսօր բոլոր հիմքերն ունենալու է Առուշ Առուշանյանի կալանքը վերացնելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Առուշ Առուշանյանի դեպքում միջնորդություն կալանքը վերացնելու վերաբերյալ, երբ գործն արդեն դատարան է ուղարկվել, չի ներկայացվել․ սա առաջին անգամ է։ Վերաքննիչ դատարանում Մհեր Արմաղանյանի կողմից էր քննությունը տեղի ունեցել, հետևաբար՝ դա արդար դատարան երևույթի հետ պետք չէ դիտարկել, ավելի շուտ՝ գուցե քաղաքական։ Ես եւ իմ գործընկերները եկել ենք անձնական երաշխավորության միջնորդություն ներկայացնելու՝ չնայած Առուշանյանի անցած ուղին, վարքագիծն արդեն բավարար երաշխիք է, որ նա ազատության մեջ լինելով կդրսևորի պատշաճ վարքագիծ։ Կարծում եմ՝ Գորիս համայնքն էլ է գնահատական տվել՝ Առուշ Առուշանյանը պետք է լինի ազատության մեջ թե ոչ։ Հուսով եմ՝ նաև գրավի միջնորդություն կներկացվի»,- նշեց նա։
Վարդեւանյանի խոսքով՝ դատարանն այսօր բոլոր հիմքերն ունենալու է Առուշանյանի կալանքը վերացնելու համար։
«Քրեական գործով ուրիշ կալանավորված անձ չկա։ Դա ևս իրավական հիմքերից մեկն է, երբ ամբաստանյալների միջև պետք է ապահովվի հավասարության սկզբունք, որովհետև չի կարող նույն քրեական գործով անցնող ամբաստանյալը լինի կալանավորված, մյուսը՝ ոչ, և դրա համար ծանրակշիռ հիմքեր չլինեն, ինչն այս դեպքում, իհարկե, չկա։ Ես համարում եմ, որ գրավն է նորմալ, կալանավորումը պետք է լինի ծայրահեղ միջոց։ Դատարանը նիստերի դահլիճ մտնելիս պետք է մտածի անձին ազատ արձակելու համար, եթե չկա ծանրակշիռ հիմք, որն այս դեպքում չկա»,- ասաց Վարդեւանյանը։
Ըստ Արամ Վարդեւանյանի Առուշ Առուշանյանի կալանավորումը պաշտոնավարման խնդիր ստեղծող հանգամանքներից է, բայց պաշտոնը ստանձնելու մասով նշանակություն չունի։
«Գորիսն իր ընտրությունը կատարել է, Առուշ Առուշանյանը ընտրվելու է քաղաքապետ, դա արդեն իսկ պարզ է։ Իսկ թե ով կկատարի համայնքապետի պարտականությունները մինչև Առուշանյանի ազատ արձակվելը, արդեն տեխնիկական հարց է»,- ընդգծեց Արամ Վարդեւանյանը։
Արամ Վարդեւանյանը կիսում է տեսակետը, ըստ որի կալանավորված են Սյունիքի այն համայնքապետները, որոնք անվտանգային հարցեր էին բարձրացնում։
«Բացի այդ կալանավորված են նաև այն համայնքապետները, որոնք երբ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր, որ բոլորը կազմեն ջոկատներ՝ մասնակցելու պաշտպանությանը, դա էլ անում էին։ Այլ հարց է, որ դրա կարիքը չպետք է լիներ, եթե բանակը ճշտգրիտ կերպով ղեկավարվեր։ Ու նման անձնաց նկատմամբ պետության հոգածությունը պետք է լինի»,- հավելեց Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դատական նիստը։
Ավելի վաղ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այսօր դատարանը որոշում է կայացնելու տեսակցությունների արգելքի վերաբերյալ: Նա հավելել էր, որ երբ բուն դատաքննության փուլը սկսվի, ընթերցվի մեղադրական եզրակացությունը պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։











