Առուշ Առուշանյանին իրական գնահատականը տվել են գորիսեցիները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Գորիսեցիներն ապացուցեցին, որ իրենք սյունեցու տեսակ են։ Մարդը, եթե իր աշխատանքով, անվտանգային հարցերում նաև մարդկանց համար բան է արել, մարդիկ երախտամոռ չեն, հիշում են։ Առուշը տղամարդ տեսակ է, և նաև հենց այդ տղամարդ տեսակից վախն է, որ որ սրանց ստիպում է գնալ ոչ իրավական ճանապարհներով։ Հիմա ամեն ինչ կախված է դատարանի անաչառությունից, դատավորի հատկանիշներից։ Մի փոքր տղամարդկություն, անաչառություն, և միջնորդությունը կբավարարվի»,- նշեց նա։

Վարդանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ քրեական գործը շինծու է և չունի որևէ հիմնավորում։

«Այն ինչ իշխանությունն արել է Սյունիքում ՏԻՄ ընտրությունների ժամանակ և պատրաստվում է անել Կապանում տասնապատիկ ավելի քրեական գործերի հիմքեր կարող են լինել։ Այտեղ ակնհայտ է քաղաքական մեղադրանքը։ Սա իրենց բնույթն է։ Իշխանությունը պատահաբար ձեռքերն է ընկել և ոչ մի բանի առջև կանգ չեն առնի իշխանությունը պահելու համար, իսկ Սյունիքի պարագայում գումարվում են նաև անվտանգային խնդիրները։ Հասկանում են, որ իշխանություն չունենալու պարագայում հայտնվելու են այս նույն իրավիճակում։ Սա է այս մարդկանց մոտեցումը։ Չէ՞ որ իրենք մեծ ցանկություն ունեն մեր տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը։

Ավելի վաղ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այսօր դատարանը որոշում է կայացնելու տեսակցությունների արգելքի վերաբերյալ: Նա հավելել էր, որ երբ բուն դատաքննության փուլը սկսվի, ընթերցվի մեղադրական եզրակացությունը պաշտպանության կողմը պատրաստվում է  ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։