Դիմակ կրելը օրենքի պահանջ է եւ պետք է կրեն. Մենք ունենք Հայաստանում լարված համաճարակային իրավիճակ եւ բոլորը պետք է ենթարկվեն հավասար կերպով օրենքի պահանջին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ չի պատրաստվում դիմակ կրել, նաեւ Անդրանիկ Քոչարյանին էին լուսանկարել խանութում առանց դիմակի:

Ավանեսյանն ասաց, որ կանոններին չենթարկվողները պետք է տուգանվեն, անկախ նրանից ինչ պաշտոնյա են. «Եթե անձը խախտել է օրենքը, պետք է տուգանվի»:

Նա նաեւ նշեց, որ տեղյակ չէ, թե ԱԺ-ում քանի մարդ է տուգանվել դիմակ չկրելու համար. «Դա տեսչությունից հարցրեք, ես տեղյակ չեմ»,-ասաց նա: