Առաջին պատերազմում հաղթելուց հետո մեր բանակցային դիրքերը հիմնված էին մեր հաղթանակների վրա։ Սա անվտանգության գոտի է Լեռնային Ղարաբաղի շուրջ, 7 շրջան, Հայաստանի մարտունակ բանակ եւ այն փաստը, որ Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է։ Այս մասին Երեւանում կայացած հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանի եւ Արցախի միջեւ ընդհանուր սահման կար Վարդենիսից մինչեւ Արաքս։ Սա մեզ ուժ էր տալիս բանակցային գործընթացում։ Քայլ առ քայլ մենք հասնում էինք դիվանագիտական հաղթանակների. Այս բոլոր առավելությունները, դրանք այլեւս չկան։ Մի մարդ որոշեց, որ բանակցությունները սկսելու է զրոյական կետից եւ պետք է զրոյացնի մեր բոլոր դիվանագիտական հաղթանակները, որոնք ձեռք ենք բերվել ռազմի դաշտում հաղթանակներով»,- ընդգծեց Քոչարյանը՝ տարակուսելով, թե ինչպես կարելի է հիմա բանակցել։ «Բանակցությունները հաջողված են լինում, երբ հիմնված են փոխզիջումների վրա: Հիմա ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը»։

Նախկին նախագահը շեշտը դրեց սահմանազատման գործընթացում թաքնված սպառնալիքների վրա։ «Խոսվում է նաեւ Սյունիքի երկայնքով սահմանազատման մասին, արդեն հասել ենք Սյունիք՝ միջանցքին։ Ի՞նչ վտանգներ կան այստեղ: Սահմանազատում նշանակում է, որ դու ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եւ ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակը Ադրբեջանի ներսում։ Սա Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է։ Սա նշանակում է մեկ որոշում՝ Ադրբեջանի կազմում։ Սահմանազատումը այլ լուծում չի թողնում: Այսպիսին է իրականությունը։ Սահմանազատումից հետո Ադրբեջանը ցանկացած պահի Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու եւ ամբողջությամբ տեղաշարժը վերահսկելու օրինական իրավունք կստանա։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին։ Եւ նրան ոչ ոք չի կարող խանգարել, քանի որ դա օրինական քայլ կլինի։

Ուստի բացառվում է նման փաստաթղթի ստորագրումը, բացառվում է գործընթացի սկիզբը, որի արդյունքում կհավերժացվի կապիտուլյացիան եւ կկանխորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ընդգծեց Քոչարյանը։ Նրա խոսքով, սա այն է, ինչ պետք է անի Հայաստանը. Ռիսկերը չեզոքացնելու մեկ ճանապարհ կա՝ կարգավիճակի, սահմանազատման, անվտանգության, Հայաստան-Արցախ միջանցքի հետ կապված բոլոր մարտահրավերները դիտարկել մեկ փաթեթում։ Այլ ճանապարհը կործանարար է, ընդգծեց նախկին նախագահը։