Այսօրվա մեր պահանջը սոցիալական անարդարությունն ու սոցիալական հարցերն են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, կառավարության դիմաց Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցահյի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:

«Բացի դրանից, մենք պահանջում ենք, որ փախստականի կարգավիճակ տան մեզ։ Մինչև հուլիս ամիսը երկու տեսակի սոցիալական աջակցություն էինք ստանում՝ մեկը բնակարանի վարձ, մյուսը՝ 68 հազարական դրամ սոցիալական նպաստ։ Բայց հուլիսից կտրել են։ Ընդ որում, ժողովրդին տեղյակ չեն պահել, որ կտրել են, չեն պատասխանում հարցերի ու զանգերի»,- ասաց նա։

Հարցին, թե Արցախ վերադառնալու առաջարկ արվո՞ւմ է Հայաստանում բնակվող արցախցիներին, նա պատասխանեց․ «Առաջարկն այն կլինի, որ ժողովրդին հավաքեն, քննարկեն հետները, ասեն՝ հետ վերադարձեք այսինչ պայմաններով։ Բայց իրենք իրենց խոսում են՝ հետ ենք վերադարձնելու, պայմաններ ենք ստեղծելու։ Ի՞նչ պայմաններ են ստեղծելու։ Բոլորդ լսել եք երեկվա դեպքի մասին, ես չեմ հասկանում՝ էս ի՞նչ իշխանություն ա, մարդուն ուղարկում ես թշնամու քթի տակ աշխատելու, գոնե մի հատ զենքով մարդ չեն դնում հետը, որ պաշտպանի։ Դե հաբրգած թշնամին էլ տեսնում է դիմացը դիմադրություն չկա, սպանում է։ Ու այսօր կան ղեկավարներ, որ ասում են՝ թուրքի հետ պիտի համակերպվենք։ Ու գիտեք՝ ինչո՞ւ են այդպես ասում, որովհետև Մոսկվայից զանգել են, ասել են՝ թուրքի հետ պետք է համակարպվեք»։

Ըստ Հայրյանի՝ վերաբնակեցումը համալիր ծրագիր է ենթադրում՝ մարդը պետք է աշխատանք, ապրուստ ու ապահովության զգացում ունենա։ Բայց այսօր անվտանգության հարցն Արցախում լուծված չէ։ «Հայտարարում են, որ հետ ենք վերադառնալու։ Որտե՞ղ եք վերադառնալու, ռուսներն ասում են՝ սա Ադրբեջան է։ Ադրբեջանն ասում է՝ իմ հողից դուրս եկեք, իսկ Հայաստանի ու Արցախի իշխանությունները չեն ասում՝ սա մեր հողն է։

Արցախի պառլամենտի երեք քաղաքական ուժեր հարց են բարձրացրել, որ ինքնորոշման իրավունք, անկախություն պահանջեն, մյուս երկու խմբակցությունները՝ մեկը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցությունն է ներկայացնում, մյուսը՝ Սամվել Բաբայանի, չեն միացել նախաձեռնությանը։ Այսինքն՝ դեմ են արտահայտվել Արցախի անկախությանը, և հենց այս երկու ուժն էլ հիմնականում պնդում են, որ ժողովուրդը պետք է վերադառնա Արցախ։ Ժողովուրդը պետք է վերադառնա պետություն, ոչ թե Արցախ, իսկ այդ պետության անունն է Արցախի Հանրապետություն, որը չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից, ինչն էլ ռուսները լկտիաբար մեր երեսով են տալիս»,- ասաց Լևոն Հայրյանը։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ համար պայմաններ ստեղծվեն առաջին հերթին Արցախում՝ Հադրութում։ Հայաստանի Հանրապետությունը պետք է իր վրա պարտավորություն վերցնի, այստեղ համայնքի նման մի տարածք հատկացնի հադրութցիների համար, որպեսզի կուլ չգնան այս ժողովուրդը։ Եվ սպասենք, մինչև այս իշխանությունը խելքը գլուխը կհավաքի, կմտածի Հադրութն ազատագրելու մասին, ինչին մենք անպայման մասնակցելու ենք։ Այստեղ կանգնած մեր ժողովրդի մեծ մասը պատերազմի մասնակից են և հայրենիքի համար պատրաստ են կռվել ցանկացած բնակավայրում։ Բայց մեր քաղաքական իշխանությունը չի ուզում կռվել, նրանք գտնում են, որ առանց կռվելու ճիշտ է», հավելեց նա։