Դիրքի ավագ 19-ամյա Արսեն Խեչոյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, ընկերներին փրկելիս:
«Գոհ էր, ոչնչից չէր դժգոհում, միայն ասում էր՝ տատիկ, կարոտել եմ: Սպորտով էր զբաղվում, ըմբշամարտիկ էր, ունի մեդալներ, գովասանագրեր, շնորհակալագրեր: Ամեն օր իր հետ կապ ենք հաստատել: Մեզ վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ, է չնեղվեք»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արսենի տատը:
Մահվան օրը եւս տատը զրուցել է Արսենի հետ, ասել է՝ տատիկ, չնեղվես, ամեն ինչ լավ կլինի. «Դրանից կես ժամ հետո զոհվում է ԱԹՍ-ի հարվածից: Ինքը դիրքի ավագ էր, ընկերներին է փրկել: Ընկել են շրջափակման մեջ, ընկերներին ասել է՝ դուք փախեք, ես ձեր հետեւից կգամ, ու չի հասցրել ինքն էլ հետ գալ: Էս մեկն ունեինք, էլ չունենք: Մի քույր ունի, ամուսնացած է: Ինքը մեր միակ զավակն էր:Մենք չենք ապրում, ուղղակի գոյատեւում ենք հանուն իրեն, որ արժանանաք իրեն տեսնելուն:
Եթե մենք հաղթեինք, ինչ-որ տեղ մի թեթեւսփոփանք լիներ, բայց համ երեխաները գնացին, համ հողերը գնացին: Ո՞նց հարմարվենք, դժվար է, շատ դժվար է»,-ասաց տատը՝ հավելելով, որ ամեն օր այստեղ է գալիս, երբեմն մնում մինչեւ գիշերը 3-4-ը:
«Ցավը գնալով ավելի է մեծանում, իր բացակայությունն ավելի շատ ես զգում: Ո՞վ է ասում, որ մեղմանում է: Էդ ցավը մեղմացող ցավ չի:
Ընդունվեց ֆիզկուլտ ինստիտուտ, բայց բոլոր երազանքներն անկատար մնաց»,-ասաց նա:











