Հայկ Աննիկյանը բանակ է զորակոչվել 18 տարեկանում, ծառայում էր Մարտունի-2-ում, զոհվել է 2020-ի հոկտեմբերի 23-ին:
«Ինձ ասում էր՝ տատիկ ջան, դու դիմացի, ես շատ լավ եմ: Ինքը վիրավորվել էր, գնացել էր հիվանդանոց, բայց մեզ չէր ասել, ասում էր՝ ես շատ լավ եմ: Մենք հետո իմացանք, որ ինքը վիրավոր է: Շատ աշխատասեր էր, դեռ 18 տարին չլրացած աշխատում էր, ուզում էր որ մեզ օգներ՝ հորը, մորը, բոլորիս»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկի տատը՝ Ջուլիետտա Աննիկյանը:
Մահվան օրը Հայկը շատ երկար խոսել էր հոր հետ, ասել էր՝ պապա ջան, ես շատ լավ եմ. «Հոկտեմբերի 23-ի առավոտյան վերեւից մաղել են, ԱԹՍ-ի հարվածից է մահացել: Առաջին հարվածից հետո գնացել է, որ մեքենայի միջից զենքերը բերեն, էդ ժամանակ խփել են:
Ոչ մի անգամ չի բողոքել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նոր հորն ասել է, որ վիրավորվել է, հիվանդանոցում է եղել: Ինքը շատ դիմացկուն էր: Վիրավորվելուց հետո բուժվել ու հետո նորից գնացել էր առաջնագիծ:
Նոյեմբերի 13-ին իր ծննդյան օրն է, բայց ես չհամբերեցի, էսօր նորից եկա: Հայրենասեր էր, միայն հայրենասիրական երգեր էր երգում, ձայնագրությունները կան»,-ասաց Ջուլեիտտա Աննիկյանը:











