Քառօրյա պատերազմի մասնակից սպա Սևակ Մարտիրոսյանը ծառայում էր Ստեփանակերտում։ Սևակ Մարտիրոսյանը զոհվել է պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ։

«Գնացել է, որ փրկի հրամանատարությանը և իր զինվորին։ Երեք անգամ ԱԹՍ-ն հարվածել է նույն տեղանքին։ Առաջին հարվածի ժամանակ ինքը գնացել է փրկելու, մյուսի ժամանակ ինքն է զոհվել, երրորդի ժամանակ էլ արդեն բոլորը զոհվել են։ Պատերազմին մասնակցել է առաջին օրվանից, եղել է Ջաբրայիլում, Վարանդայում, Մարտունիում։ Երեխուս չգիտեմ՝ ինչ պատասխանեմ, նայում է նկարին ասում՝ պապ, ես քեզ սիրում եմ, կարոտում եմ, ինչի՞ չես խոսում։ Հիմա ինձ մի հարց է տանջում՝ եթե հնարավոր էր կանգնեցել պատերազմը, ինչո՞ւ մեկ օր շուտ չկանգնեցրին։ Վերջին օրն ինչքան երեխա զոհվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սևակ Մարտիրոսյանի այրին՝ Նարինե Մարտիրոսյանը։

Սևակը և կինն Արցախից են։ Նրանք բնակվում էին Ստեփանակերտում։

«Հենց Շուշիի տակն ենք ապրում։ Ամեն ձայն, ամեն երաժշտություն մենք լսում ենք։ Ուզում եմ բարձրաստիճան մարդիկ գան ու նստեն մեր բակում, տեսնեմ՝ ի՞նչ են զգում՝ ինչ են արել։ Շրջափակման մեջ ենք, չենք կարողանում նորմալ քայլենք, չենք թողնում երեխաները դուրս գան խաղալու։ Բայց մենք չենք թողնելու Արցախը։ Մենք պետք է մնանք ու պայքարենք՝ թեկուզ 30 տարի, որովհետև այս երեխաներն անիմաստ չեն զոհվել»,- նշեց Սևակի այրին։