«Գովազդի մասին» օրենքի ընդունումը կարող է շատ վնասակար ազդեցություն ունենալ մոտակա մի քանի տարիների ընթացքում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր, «Ա թիվի» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը։
«Բոլոր հեռուստաընկերությունները լիցենզավորման պահին հաշվի են առել այն ռեսուրսները, որոնք կարող են գալ հենց այս գովազդային տեսակից։ Ես չեմ ասի, որ հեռուսատեսային գովազդն ազդեցություն չի կարող ունենալ հեռուստադիտողի վրա, ինֆորմացիան ամեն դեպքում հասնում է մարդկանց և կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց հեռուսատեսային գովազդն ունեն հստակ կարգավորումներ։ Այո, հեռուստադիտողի տարիքը 40+ է, և ենթադրյալ այն մարդիկ, որոնք դիտում են հեռուսատեսություն ավելի ունակ են ճիշտ որոշումներ ընդունելու։ Իմ հարցը հետևյալն է՝ հնարավո՞ր է արդյոք այս կարգավորումների ընդունվելուց հետո այդ օրենքի կիրառումը տեղափոխել մի քանի տարի անց, որովհետև հեռուստաընկերությունները պետք է փորձեն ադապտացվեն այս նոր օրենքին։ Եվ երկրորդը՝ հնարավո՞ր է գովազդի պատասխանատվությունն ավելի մեծացնելով՝ մեզ տալ հնարավորություն աշխատելու պետության ու ընկերությունների հետ՝ տալով համակարգված գովազդ, որը կփորձնի բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը»,- նշեց նա։











