Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում վերջին շրջանում հոսանքազրկումը պարբերական է դարձել։ Բնակիչները զարմանում են, որ մի օր հոսանքը չի անջատվում։

Գյուղացիների պատմելով էլեկտրական ցանցը հին է, բավական է անձրեւ ու քամի լինի, բնակիչները ժամերով զրկված են լինում էլեկտրաէներգիայից։ Նրանք ստիպված գեներատորների միջոցով են հոսանք ստանում, բայց դա էլ ծախսատար է, ոչ բոլոր ընտանիքները կարող են դրանից օգտվել։  «Հերիք է քամի ու անձրեւ լինի, մեր գյուղում հոսանքն անջատվում է։ Նոյեմբերի 2–ին հոսանք չունեինք, խոսեցի էլեկտրիկի հետ, ասաց՝ ամբողջ գիշեր ձեր տարածքում էինք, բայց չկարողացանք խնդիրը գտնել, այսինքն՝ ոչ մի հնարավորություն չունեն էդ մարդիկ մի բան անեն։ Ամեն ինչը հոսանքի հետ է կապված, ես օրական 10 լիտր բենզին եմ վառում դվիժոկով, որ երեխաները չմրսեն, չհիվանանդան, ապրանքը չփչանա»,–NEWS.am-ի հետ զրույցում ասում է Գագիկ Մովսիսյանը։

Արտիմետում հոսանքի անջատումներից դժգոհում են փոքրից մեծ։ Բացի այն, որ կենցաղային տեխնիկան չի աշխատում, խաթարվում է նաեւ մարդկանց աշխատանքը։ «Կարծես սարերում ապրելուց լինենք»,– ասում են արտիմետցիները՝ ՀԷՑ–ի ուշադրությունը հրավիրելով իրենց խնդրին։

Բնակիչների խոսքով, հոսանքի պարբերական տատանումները տեխնիկայի անսարքության պատճառ է դառնում։ Չեն հասցնում ապառիկները վճարել, տեխնիկան արդեն վնասված է։ Տիկին Նարինեն գյուղի խանութներից մեկի սեփականատերն է, ասում է՝ հոսանքի անջատումը բացասական է ազդում սննդի վրա։ 

«Սառնարանները, կոնդիցիոները չի աշխատում, բնականաբար, երկար ժամանակ հոսանք չունենալու պատճառով սնունդը պիտանելի չի լինում։ Շատ ժամանակ կաթնամթերքը բացում ենք, ստուգում, որ  թվված չլինի, ու հետո միայն վաճառում։ Թե՛ մենք ենք տուժվում,  թե՛ բնակիչները։ Դեռ ապառիկը չմուծած, տեխնիկան փչանում է։ Դուք տեսնեք, թե ինչ է կատարվում, երբ ապառիկը վճարելու օրերը գալիս են, հերթ է գոյանում»,– նշում է նա։

Խանութում մեր նկարահանման խմբին նկատող բոլոր հաճախորդները միանում են հոսանքի պարբերական անջատումների դեմ բողոքներին։ Նրանցից մեկն ասում է. «Մարդիկ գալիս են տերմինալով վճարում անում, ու մեկ էլ հոսանքն անջատվում է, էդ մարդու գումարը գնում է, գործարքը կիսատ մնում, զանգում են «Easy pay», ներկայացնում իրավիճակը, որ էդ մարդկանց գումարը չկորչի»։ 

Արտիմետ համայնքի ղեկավարի տեղակալ Հենրիկ Միրզախանյանն ասում է, որ Էջմիածնի շրջանում ամենից տուժողն իրենց համայնքն է։  

«Քանի որ մեր ոռոգման համակարգը հենված է նասոսների վրա, մենք խորքային հորերով ենք հիմնականում ոռոգում կատարում, եւ ամեն մի հոսանքազրկումը տնտեսվարողների վրա թանկ է նստում, որովհետեւ ջուրը գնում է, հոսանքը հենց անջատվում է, ջուրը կտրվում է, տեղ չի հասնում։ Ժողովուրդը չգիտի՝ ինչ անի, բողոքներն ուղղում են մեզ։ Մենք փորձել են հարցը լուծել։ Մենք միշտ բողոքել ենք ՋՕ–ին, իրենք էլ փորձել են հարցը լուծել, բայց առ այսօր հոսանքազրկումները շարունակվում են»,– նշում է Հենրիկ Միրզախանյանը։

Ըստ համայնքի ղեկավարի՝ կառուցվում է մոտ 7 կմ էլեկտրական գիծ, որը, սակայն, բավարար չէ խնդիրն ամբողջական լուծելու համար։ «Մեր էլեկտրական ցանցը շատ հին է, 50, 60–ական թվերի է, տանջվում ենք՝ սարքում, հոսանքը միանում է, մի հատ քամի ու անձրեւ, նորից հոսանքն անջատվում է։ Մարդիկ բողոքում են, որ իրենց տեխնիկան վնասվում է։ Մեկին, երկուսին օգնում ես, բայց մենք չենք կարողանում դրա տակից դուրս գալ»,– ասում է Վարդան Միրզախանյանը։

Նրա խոսքով, ներդրումային ծրագրեր կային, որոնցով պետք է էլեկտրական ցանցը նորոգվեր, սակայն ինչ–որ պատճառներով հետաձգվել են, եւ 2022 –ին նոր կսկսվի։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ից պարզաբանում են, որ հաճախակի հոսանքազրկումների հիմնական պատճառը ՋՕ–երի էլեկտրական համակարգերի անմխիթար վիճակն է։

«Խնդիրը ոչ միայն Արտիմետն է, այլեւ Խորոնքը, որովհետեւ այս երկու գյուղերը մի ողղություն է սպասարկում։ Գյուղերը սպասարկող գծից սնվում են նաեւ ոռոգման համակարգերը սպասարկող խորքային հորերը, որոնց անմխիթար վիճակի պատճառով հաճախակի անջատումներ են լինում։ Հաշվի առնելով այդ ուղղության համակարգի մաշվածությունը, կառուցվում է նոր բարձր լարման գծեր, անջատումները լինում են նաեւ նոր կառուցվող լարերի պատճառով»,– ասում է «Էջմիածին» էլեկտրական ցանցի պետ Ռոբերտ Նազարյանը։

Նրա խոսքով՝ եթե բնակիչների տեխնիկան վնասվի էլեկտրական ցանցերի սարքավորումների պատճառով, ապա ՀԷՑ–ն անվճար կվերանորոգի այդ տեխնիկան։

Մանրամասները՝ տեսանյութում։