Երբ Փարիզի Օռլի օդանավակայանում իջնում ես, իրենք տեղեկատու կենտրոնում ասում են՝ մենք ունենք ՎԻՊ տաքսի ծառայություն, որը կիլոմետրն այսքան հաշվարկ ունի, ունենք սովորական տաքսի ծառայություն եւ ունենք ավտոբուս, որը 7 եվրոյով ձեզ կհասցնի համապատասխան ավտոկայան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների փաթեթի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Հիմա դու ընտրում ես՝ որն է քեզ հարմար: Օնլայն տաքսների հետ կապված. Ես, օրինակ, իջնել են Սոչիի օդանավակայան, հարցնում եմ՝ կարո՞ղ ենք Յանդեքս տաքսի պատվիրել, ինձ ասում են՝ մենք նման ծառայություն չունենք եւ մուտքն արգելված է: Իսկ փողոցում էլ տաքսիները ասում են՝ դե նստի, կպայմանավորվենք: Ես ինչի՞ եմ սակագնին ուշադրություն դարձնում, որ մենք հնարավորինս կոմֆորտ պայման ապահովենք զբոսաշրջիկին, որ իր համար հասկանալի երթեւեկություն լինի: Դրա համար մենք կարող ենք արգելել այլ ծառայություններ մտնեն օդանավակայանի տարածք: Օրինակ, տաքսին ուղեւորին մոտեցնի օդանավակայնին, բայց չմտնի օդանավակայանի տարածք, էդտեղից վերադառնա:

Չեմ ասում՝ թողնեն Արգավանդում, բայց դրանով նաեւ օնլայն տաքսիների հարցն էլ կլուծենք, որովհետեւ օնլայնին էլ չես կարող արգելել, ասել՝ էդ ծառայությունը մի մատուցիր»,-ասաց Բագրատյանը:

Նա անդրադարձավ նաեւ տաքսու գներին՝ նշելով, որ չպետք է այնպիսի ծառայություն առաջարկել, որից ոչ ոք չուզեն օգտվել թանկության պատճառով. «Օդանավակայանը կարող է իր տարածքը շատ թանկ տրամադրի»: