Արդեմ մի քանի ժամ այստեղ նստած կառավարության անդամները վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորության գլխավորությամբ ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ, մաքսակետ: Ավելին հպարտանում են, որ իրենք են թույլ տվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«ԱԽ իբր թե քարտուղարը երեկ հպարտանում էր, որ 15 տարվա մեջ ամենալավ ճանապարհն էր սարքել Սյունիքում շրջանցող: Հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունները միայն կարող են դա անել:
Իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ: Եթե այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որեւէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել: Երեկվանից արդեն այս կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ կամ դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարեւորագույն մայրուղիներից մեկի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն: Իրենք դրանից չեն ամաչում, Նիկոլը չի ամաչում»,-ասաց նա:
Նրա խոսքով, իշխանությունների դավաճանական գործունեության արդյունքում Հայաստանի հարավը կտրվել է մնացած երկրից, շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր. «Առավոտյան լուր եղավ Սյունիքից, որ ոստիկանները թույլ չեն տվել քաղաքացիներին անցնել Հայաստանի մայրուղով: Այսպիսին են սրանք սարքել երկիրը եւ շարունակում են կեղծ խաղաղության խոստումով բերել նվաստացում: Սրանց միակ փրկությունը մեկ տարի եղել է ոստիկանական այս շարասյուները: Սրանք պարգեւավճարներ են բաժանում, փոխարենը առաջնագծի մեր դիրքը շարունակում են մնալ չկահավորված, վրանային, ձմռան դիմաց շարունակում են մնալ անպաշտպան եւ թշնամին՝ վստահ լինելոբվ, որ քանի դեռ այս շենքում նստած է Նիկոլ Փաշինյանը, կարողանում է իր սեւ գործն անել ՀՀ տարածքում»,-ասաց Գեղամ Մանուկյանը:











