Կարելի էր հասնել նրան, որպեսզի Ադրբեջանը Գորիս-Կապան ավտոճանապարհին հայկական բեռնատարների եւ Հայաստանի քաղաքացիների սահմանային հսկողություն չանցկացնի, բայց միջանցքային տրամաբանության գնով, մեզ համար անթույլատրելի։ Այս մասին նոյեմբերի 11-ին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես գիտեք, 2021 թվականի օգոստոսից Ադրբեջանն իր տարածքով անցնող Գորիս-Կապան ավտոճանապարհի Էյվազլի-Չայզամի (Փաշինյանը համառորեն օգտագործում է թշնամու տեղանունները` խմբ.) հատվածում իրանական բեռնատարներից մաքսավճարներ է հավաքել»,- ասաց նա։
Փաշինյանը հայտնեց, որ երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի 11-ի կեսգիշերից պատրաստվում են մաքսային եւ անձնագրային հսկողություն իրականացնել նաեւ ՀՀ քաղաքացիների եւ հայկական ապրանքների մասով։ «Դրանից հետո որոշեցինք այս հատվածով շարժվող քաղաքացիներին ուղղորդել Կապան-Աղվան-Տաթեւ-Հալիձոր-Շինուայր ճանապարհով։ Այս ճանապարհի Տաթեւ-Աղվան հատվածը, որը մի քանի տասնամյակ անանցանելի էր, շահագործման է հանձնվել անցյալ շաբաթ։ Անցած հինգշաբթի գնացի Կապան ու վերադարձա։ Կարող եմ ասել, որ որակյալ ճանապարհ ենք ստացել, որը որոշակի բարելավումներ է պահանջում՝ կցորդով բեռնատարների ավելի հարմարավետ անցման համար։ Կեսգիշերից մինչեւ լուսաբաց Կապան-Տաթեւ ճանապարհով կցորդիչներով մոտ 100 բեռնատար է անցել»,- հավելեց վարչապետը։
Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար, նրա խոսքով, իրավիճակը չի փոխվի՝ միայն այն տարբերությամբ, որ դրանք կարող են երթեւեկել նաեւ Տաթեւ-Աղվանի ասֆալտապատված ճանապարհով՝ առանց հավելյալ մաքսատուրքի վճարման։
«Երեւանից Կապան նոր երթուղով եւ հակառակը ճանապարհի տեւողությունը կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը։ Աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ են տարվում Երասխ-Գորիս, Տաթեւ-Լծեն, Շուռնուխ, Որոտան եւ մի քանի այլ ճանապարհներին։ Փոփոխությունների արդյունքում ոչ մի գյուղ կտրված վիճակում չի հայտնվել։ Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ Ադրբեջանի անցակետը Գորիս-Կապան ճանապարհին Հայաստանի տարածքում չի գտնվում, խոսքը Էյվազլի հատվածի մասին է։ Անհրաժեշտության դեպքում մենք նույնպես մաքսային եւ անձնագրային հսկողություն կմտցնենք Գորիս-Կապան ճանապարհին»,- հավաստիացրեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա առանց էքստարածայնության։ «Մենք չենք քննարկում եւ չենք քննարկելու միջանցքային տրամաբանությունը։ Դա ամրագրված է եռակողմ ձեւաչափով։ Վերջին շաբաթներին այդ տրամաբանությունը հաստատել է նաեւ Ռուսաստանը, եւ այս համատեքստում ադրբեջանական կողմը ընդունել է այս որոշումը։ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տրամաբանությանը բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասով։ Մենք շահագրգռված ենք դրանում, եւ հույս ունենք շուտով գալ կոնկրետ որոշման այն սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցված են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Մեզ անհրաժեշտ են սառնարյունություն եւ ամուր նյարդեր։ Հայաստանի շուրջ ձեւավորվում է նոր միջավայր, որը պետք է համապատասխանի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։











