Մինչեւ չկարողանանք քեզ հեռացնել,  մեր երկիրը նորմալ չի ապրելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության դիմաց հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Հայկ Մամիջանյանը:

«Մտքովդ չանցնի հրաժարվես հաշվետու լինել քո երեկվա արած հիմարության համար: Դավաճանությունը չես մարսելու ու լավ կլինի ժամը 2-ին ներկայանաս  ու ցույց տաս, թե ինչպես ես հերթական անգամ  հայրենիքը ծախում: Հետո կորոշենք քո հետ ինչ անել»,-ասաց նա:

Ներկաները կսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ եթե ԱԺ-ում արտահերթ նիստ է, չի նշանակում, որ պետք է կառավարության մոտից հեռանան. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ազատ է  իր բողոքի ձայնն արտահայտելու հարցում։ Այստեղ մեկ հոգիդ դարձեք տաս, հարյուր, հազար, տաս հազար, որպեսզի կանխենք մեր երկրի հետագա բզկոտումը, վերադարձնենք նույն մայրուղին, թույլ չտանք նման մաքսակետեր հայտնվեն Տավուշում, Արարատում, Սյունիքի այլ բնակավայրերում»,- ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ շատ մոտ առաջիկայում հայտարարվելու է տարբեր գործողությունների մասին. «Վերջնական հստակեցումից հետո հրապարակային տեղյակ կպահվի բոլոր գործողությունների մասին»,- հայտնեց նա։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը հայտարարել էր, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 14։00-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրել է հրատապ կարգով նիստ՝ երեկ կեսգիշերից Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային և ոստիկանական հենակետ տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցեր քննարկելու համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։

Այսօր առավոտյան ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի մոտ: