Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը Սյունիքի մեծ թվով բնակավայրերի նկատմամբ, ենթակառուցվածքային առումով այդ վերահսկողությունն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության առջև հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Գորիս-Կապան ճանապարհն անցել է Ադրբեջանի հսկողության տակ իշխանությունների ապօրինի, բանավոր որոշումների արդյունքում։ Հայաստանի իշխանություններին որևէ գեոպոլիտիկ կենտրոն չի պարտադրում թքած ունենալ իր անվտանգային համակարգի վրա, սպառնալիքի տակ դնել իր քաղաքացիների անվտանգությունը։ Որևէ գեոպոլիտիկ ուժ Հայաստանին չի ստիպում գնալ իր երկրի շահերը տրորող որոշումների ճանապարհով։ Եվ եթե այս իշխանությունը տեսնում է միայն այդպիսի որոշումներ, ապա գոնե նվազագույն չափով բարոյականություն ունենալու պայմաններում ուղղակի կհեռանար։ Հայաստանն առաջիկայում սպասվող մեծ գործընթացներում՝ սկսված սահմանային դելիմիտացիա, դեմարկացիայի գործընթացներից՝ վերջացրած Սյունիքի հետ կապված տարբեր հարցերով, միանգամից նեղացնում է իր բանակցային հնարավորությունները»,- նշեց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այդ ճանապարհով անցնել ցանկացող Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու համար անվտանգային երաշխիք չկա։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք փորձելու են Կապան հասնել հին միջպետական ճանապարհով պետք է ադրբեջանական ծառայությունների միջոցով անցնեն համապատասխան ընթացակարգերով։ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը որևէ ձևով չի ապահովվելու։ Այդ ճանապարհով անցնել ցանկացող որևէ մեկ չունի երաշխիք, որ Ա կետից Բ կետն անցնելիս չի հայտնվի ադրբեջանական բանտերում, կտտանքների չի ենթարկվի կամ նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար չի լինի»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ եթե ճանապարհին նաև հայկական մաքսատներ լինեն, միևնույնն է, դա հակաքայլ համարել Ադրբեջանին չի կարելի։ Այլընտրանքային ճանապարհները ևս քաղաքական նշանակություն չունեն։

«Եթե կա հատված, որտեղով կարելի է անցնել անձնագրային ռեժիմի պայմաններում, բնականաբար, հայելային ձևով պետք է տեղակայվեն նաև հայկական մաքսակետեր։ Այլ բան է, որ դա Հայաստանի քաղաքացու համար ունի զրոյական արժեք։ Սա իրավիճակից բխող տեխնիկական քայլ է, որը քաղաքական իրավիճակում մեզ համար որևէ խնդիր չի լուծում։ Իշխանություններն իրենց քայլն արդարացնելու համար փորձում են թեման վերաճել լավ ու վատ ճանապարհի, ներկայացնել, թե ինչպիսի ասֆալատաշինական աշխատանքներ են իրականացրել այլընտրանքային ճանապարհներում, ինչը թեմայի հետ քաղաքական առումով որևէ կապ չունի։ Հասկանալի է, որ պետք է լինի ճանապարհ, որը կապահովի բնակավայրերի շարժը, բայց իշխանության գեղեցիկ խոսքներն ուղղված ասֆալտային քաղաքականությանը անվտանգային իմաստով որևէ խնդիր չի լուծում Հայաստանի քաղաքացիների համար»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։