Ադրբեջանցիները մաքսակետերը Հայաստանի տարածքում չեն տեղադրել, իրենց տարածքում են տեղադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Մենք այդտեղ որեւէ խնդիր չենք տեսնում, քանի որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է եւ քաղաքացիները կարող են ազատ երթեւեկել  նորակառույց Տաթեւ-Աղվանի ճանապարհով: Այդտեղ որեւէ խոչընդոտ չկա, Հայաստանի տարածքում է: Այն ժամանակավոր անհարմարությունը, որ ադրբեջանցիները փորձում էին օգտագործել իրենց նպատակներին իրականացնելու համար, չհաջողվեց: Մենք արագ գտանք այլընտրանք»,-ասաց նա:

Ճշտող հարցին, թե արդյոք Գորիս-Կապան ճանապարհը չի համարում Հայաստանի տարածք, Բագրատյանը պատասխանեց. «Այդտեղ 21 կմ վիճելի հատված կար: Երբ վերջնական դեմարկացիա կարվի, կպարզվի իրական կետը: ԻՕնչպես ասաց ռուսական կողմը, իրենց ունեցած, հայկական կողմի ունեցած քարտեզներով մասնագետներով կնստեն կխորհրդակցեն, կգտնեն լավագույն լուծումը: Չի բացառվում, որ եթե նույնիսկ վիճելի տարածք է, դա մնա Հայաստանին, կամ ինչ-որ տեղերում փոխզիջումներ տեղի ունենան»:

Նրա ներկայացմամբ հայկական կողմը նույնպես մաքսակետեր է դնելու, որի նպատակը լինելու է քաղաքացիներին ուղեկցելը, նաեւ այլընտրանքային շրջանցիկ ճանապարհը ցույց տալը. «Ես կխնդրեի մեր քաղաքացիներին ռիսկերից խուսափելու համար մեր նոր կառուցած ճանապարհով անցնել: Այսօր դեռ շարունակվում է հարակից գյուղերի միացումը գլխավոր մայրուղուն: մենք պետք է վիճելի տարածքներում մեր քաղաքացիներին ռիսկերի չտանենք»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորի խոսքով, ճանապարհի այդ հատվածում մաքսակետեր դնելը ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է եղել. «Դա եղավ այն բանից հետո, երբ վերջնականապես միջանցքի մասին խոսակցությունները դադարեցվեցին: Ադրբեջանը ցանկանալով ճնշում գործադրել, կարծես ստիխպում էր, որ դրանով որոշակի փոխզիջման գային: Հիմա եթե մենք արդեն այլընտրանքային ճանապարհից օգտվում ենք, իրենց ջանքերն ապարդյուն են անցնում, որովհետեւ իմաստ չունի մի ճանապարհի վրա կենտրոնանալ, որը չի լինելու միակ ճանապարհը հայկական ու իրանական մեքենաների համար»,-ասաց նաք՝ հավելելով, որ յսօրվանից իրանական մեքենաները անցնում են նոր ճանապարհով եւ բավականին գոհ են այդ ճանապարհից»: