Իշխող խմբակին չի հետաքրքրում, որ Հայաստանի սուվերեն տարածքում գտնվում են թշնամական ուժեր, եւ արդեն իրենց հարկային կանոններով գործողություններ են սկսում իրականացնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրատապ քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Կառավարության նիստում տեղի ունեցածը և վարչապետի հաստիքում նստածի նախադասությունները ուղղակի պետական դավաճանության մասին խոստովանական ցուցմունք էին, որովհետեւ այն տեքստը գրած, որ ինքը բերել էր, ըստ որի՝ այն ինչ կատարվում է, Հայաստանի սուվերեն տարածքում չէ, այս ամենը ուղղակի պետական դավաճանության մասին է խոսում, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին, դա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում է տեղի ունենում»,-ասաց նա։

Աննա Մկրտչյանը նշեց, որ այն, ինչ ասվում է իշխանության կողմից, իրականությանը չի համապատասխանում։ «Տեղի է ունենում ընդամենը մեկ գործընթաց՝ Հայաստանի հանձնումը մաս-մաս, այն հերթականությամբ և ցանկությամբ, որով պայմանավորվել են թուրքերը՝ այստեղ իշխանությունը զավթած թուրքի ստրուկների հետ միասին: Հիմա բացառապես միակողմանի ՀՀ տարածքների հանձնում է տեղի ունենում»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ ԱԽ քարտուղարի հայտարարությանը, թե գործընթացը տեղի է ունենում իրավական քարտեզների հիման վրա. ««Իրավական քարտեզ եզրույթ գոյություն ունենալ չի կարող, որովհետեւ չկա որեւէ, որի վրա  կարող էր իրականացվել քարտեզ, առավել եւս  ունենալ ձեւակերպում իրավական քարտեզների:

Երեւէ իրավական հիմք ու հիմնավորում այսօր տեղի ունեցածը չունի և այս ամեն ինչը պարզապես շարունակությունն է անցած տարի նոյեմբերի 9-ին սկսած ազգակործան գործունեության, և այս գործունեությւոնը կարող է ավարտվել հստակ գնահատականներով ու գործողություններով՝ ուղղված նրանց դեմ, ովքեր նստած են Ազգային ժողովում որպես մեծամասնություն և նրանց, ովքեր զբաղեցնում են կառավարության պաշտոնները»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հրատապ աշխատանքային քննարկում՝ ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:

Նիստին ներկա չեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորները, Կառավարությունից ևս որևէ մեկը չի ներկայացել: