Զարմանալի է, որ Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին վարձատրվող պետական ծառայողներն այս պահին ներկա չեն այս հանձնաժողովի նիստին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Փոխարենը նման բողոք ու ցասում կնկատենք, եթե ենթադրենք պարգևավճարների կամ հավելավճարների վերաբերյալ սահմանափակում լինի, վստահ եմ՝ այս հանձնաժողովի նիստերի դահլիճը լեփ-լեցուն կլիներ»,-ասաց նա:

Վարդևանյանի խոսքով, իրավական առումով գտնվում ենք աբսուրդային իրավիճակում. «Արդեն դժվարանում եմ ասել՝ Հայաստանը Սահմանադրություն ունի՞, թե՞ ոչ։ Իսկապես արդեն դժվարանում եմ դա ասել։ Եթե Սահմանադրություն ունի, ապա Հայաստանի տարածքի նույնիսկ 1 մետրը չի կարող փոփոխվել առանց Հայաստանի ժողովրդի կարծիքի։ Այս իշխանությունները միշտ խոսում են  ժողովորդի անունից, Սահմանադրությունն ուղղակիորեն ասում է՝ տարածքի փոփոխությունը կարող է իրականացվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հնարավոր է հանրաքվե է տեղի ունեցել, մենք տեղյա՞կ չենք»,- ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց՝ ստեղծվել է իրավիճակ, երբ ՀՀ ազգային և պետական շահը որևէ կերպ չի սպասարկվում. «Կարելի՞ է ասել, որ այս իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Կարող ենք, քանի որ այս ամենի վերաբերյալ խոսել կամ վարվել այնպես, ինչպես այս իշխանություններն են անում, կարող է լինել միայն ոչ Հայաստանի շահերը ներկայացնող ռեժիմի պայմաններում։ Այլ տարբերակ չկա»,- ասաց Ա. Վարդևանյանը։

Նա ուշադրություն հրավիրեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության այն հատվածի վրա, որ ադրբեջանցիները ՀՀ իշխանություններին տեղեկացրել են՝ տեղադրելու են սահմանային և մաքսային հսկողության կետեր. «Այսինքն` հերթական անգամ այդ կոմունիկացիաները կան։ Այսքան ժամանակ իրենք կոմունիկացիներ են ունենում, բայց ռազմագերիների, անհետ կորածների հարցը չե՞ն կարողանում կոմունիկացնել»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում հրատապ աշխատանքային քննարկում՝ ս.թ. նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:

Նիստին ներկա չեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորները, Կառավարությունից ևս որևէ մեկը չի ներկայացել: