Արցախյան վերջին պատերազմից հետո այդ պատերազմի արդյունքներով որեւէ մեկը բավարարված չէ. Բավարարված չենք, որովհետեւ կորցրել ենք, բավարարված չէ Ադրբեջանը, որովհետեւ չի կարողացել ամբողջությամբ վերցնել Արցախը, բավարարված չէ ռուսական կողմը, որովհետեւ պետք է ավելի մեծ տարածքի վրա կարողանար իր խաղաղապահ առաքելությունը տեղակայել, խոսքը գնում է Հադրութի մասին, եւ բնականաբար, բավարարված չէ նաեւ Իրանը, որովհետեւ ավելի մեծ սահման, որ Արցախի ՊԲ վերահսկողության տակ էր գտնվում, հիմա դարձել է Ադրբեջանի հետ սահման, ինչը Իրանի համար լուրջ խնդիրներ է ձեւավորում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ իրանի համար խնդիրներ է հարուցում նաեւ Սյունիքի, այսպես կոչված, միջանցքը:

«Հիմա պատերազմական գործողություններն ավարտվել են, ժամանակն էր դիվանագիտությամբ ինչ-որ բաներ փորձել հետ բերել կամ վերականգնել, բայց ցավոք սրտի, այդ ունակությունը, ռեսուրսները չունենք»,-ասաց նա:

Սուրեն Սարգսյանը նկատեց, որ տարիներ շարունակ այս իշխանությունը կազմաքանդում էր բանակը, հիմա հետևողականորեն կազմաքանդում է արտաքին գործերի նախարարությունը՝ այն մարմինը, որը պատասխանատու է դիվանագիտական աշխատանքի, արտաքին ճակատի համար։

«Այստեղ ամեն ինչ հետևողական կերպով քանդուքարափ է արվում։ Լուրջ խնդիրներ, մարտահրավերներ կան, ցավոք սրտի, ես կարծում եմ, որ չունենք լուրջ հնարավորություններ, արտաքին ու ներքին ռեսուրսներ այդ մարտահրավերներին դիմակայելու համար»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հիմա մեր պետության համար ամենածանր ժամանակահատվածն է։

Նրա խոսքով, այն ինչ տեղի է ունեցել ու դեռ տեղի է ունենում, կործանարար նշանակություն է ունենալու Հայաստանի համար։