Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը իրենց հայտարարություններով և վարքագծով Հայաստանի Հանրապետությանի պետականության գերեզմանաքար են դնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

«Ինչո՞ւ չեն հայտնում, թե քանի դիրքում են եղել ադրբեջանցիները, որ չորս դիրքից էլ դուրս են եկել։ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը իրենց հայտարարություններով, վարքագծով Հայաստանի Հանրապետությանի պետականության գերեզմանաքար են դնում։ Ինչո՞ւ են երեկ մոլորեցրել հասարակությանը, որ ոչ մի բան տեղի չի ունենում այն դեպքում, որ բազմաթիվ մարդիկ, որոնք այդ հատվածների հետ կապված են եղել տիրապետել են լրիվ հակառակ տեղեկատվության։ Ինչո՞ւ են սահմանը փակելուց ընդամենը մի քանի ժամ առաջ տեղեկացնում, որ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածին անցակետ է դրվում։ Մենք խոսում ենք քաղաքական, ռազմավարական, դիվանագիտական տապալումներից, սրանց ամեն մի նախադասություն սկսվում է ասֆալտից, բարձրակարգ ճանապարհից։ Մենք խոսում ենք հայրենիքի կորստի մասին, իրենք՝ կորսված հատվածները շրջանցելու մասին։ Այս իշխանության պաշտոնավարման պարագայում որևէ լավատեսական բան ակնկալել որևէ ոլորտում մենք չենք կարողանում»,- նշեց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արշակ Կարապետյանի հայտատարությունն ըստ որի պետք է կրակ բացել Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու դեպքում,  աբսուրդային էր և տարօրինակ։

«Նույնիսկ զինվորական անձնակազմերը, որոնք ծառայություն են իրականացնում Երևանում՝ Պաշտպանության նախարարության որևէ կենտրոնում, գիտեն, որ կան սահմանված զինվորական դրույթներ, որոնցով նախատեսված է, թե որ դեպքում ես կրակ արձակում, որ դեպքում նախազգուշացում անում»,- ընդգծեց Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ մինչև օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել Հայաստանի Հանրապետության տարածքի տարբեր բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ներթափանցման համար։

«Երեկ կրկին տեղեկություններ էին տարածվում, որ հրաման է եղել չկրակելու։ Գլխավոր խնդիրն այստեղ է՝ հասկանալ՝ ո՞վ է հնչեցրել չկրակելու հրամանը և արդյունքում ի՞նչ վիճակում ենք հայտնվել մենք։ Այս պայմաններում ես չեմ տեսնում մարդկանց, որոնցից մենք կարող ենք ստանալ այս հարցերի պատասխանները։ Ինչպես իմ գործընկերն ասաց՝  երբ որ մարդիկ խաբելով Շուշին են հանձնում, ակնկալել, որ նրանք այլ գործողության մասին ճշմարիտ ինֆորմացիա կներկայացնեն, կարծում եմ՝ լուրջ չէ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։