Առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ կառավարությունը որոշեց փոփոխություն կատարել։ Հունվարի 2-ն առաջարկվեց վերադարձնել ոչ աշխատանքային օրերի ցուցակ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այսպիսով, Ամանորին եւ Սուրբծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը, ինչպես նաեւ հունվարի 6-ը։
Նշենք, որ տվյալ օրենսդրական նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում։ Ընդդիմությունը եւս դեմ է հանդես եկել։ Օրինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ավելի վաղ հիշեցրել է, որ իրենք առաջարկել են կառավարությանը ոչ աշխատանքային թողնել հունվարի 2-ը եւ 7-ը։ Իր հերթին, Հայ առաքելական եկեղեցին առաջարկել է ոչ աշխատանքային թողնել հունվարի 5-ն ու հունվարի 7-ը։ Այնուամենայնիվ, տվյալ առաջարկը իշխանությունը մերժել է։ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արամ Վարդեւանյանը, տվյալ օրինագիծն անընդունելի է համարել։ Նրա խոսքով՝ տվյալ օրինագիծը մշակվել է դեռեւս 2017-2018թթ․, երբ վարչապետ էր Կարեն Կարապետյանը։ «Սակայն այդ ժամանակ հաշվի էր առնվել Մեռելոցի օրը»,-նկատել է ընդդիմադիրը։











