Երեկվանից Հայաստանի՝ իրենց կարևորությամբ առաջին, երկրորդ, երրորդ պաշտոնյաներն այնքան իրարամերժ հայտարարություններ են արել, որ մենակ դա արդեն մեծ սպառնալիք է մեր անվտանգային համակարգին, էլ չասեմ, որ դրանք իրականության հետ կապ չունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ես մի քանիսը մեջբերեմ. Երեկ ԱԺ նախագահի աթոռին վեր ընկած անձնավորությունը ասում է՝ ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված որեւէ խաթարում տեղի չի ունեցել: Այսինքն ասում է՝ դա համարվում է ադրբեջանական տարածք եւ Գորիս-Կապան, Գորիս-Ճակատեն ճանապարհահատվածներում բուտկա-մաքսակետերը տեղադրվում են ադրբեջանական տարածքում: Հարց՝ ո՞վ է դա համարում ադրբեջանական: Իրենց կիրթ Ալի՞ևը: Դրանից հետո հարց է հնչում՝ տեղեկություններ կան, տեսանյութեր են հրապարակվել առ այն, որ Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները լքել են 4 հենակետ: Ասում է՝ իրենք չեն նահաջել, այդտեղից դուրս են եկել:
Այսինքն…: Կամ ասում է՝ եթե պետք լինի ադրբեջանցիները հետ կգնան»,- նշեց Աննա Մկրտչյանը:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակմանը, նա ասաց. «Նախկինում ասֆալտչիկի դերը ստանձնած անձնավորությունը հիմա գնում է պաշտպանության նախարարություն հետևյալ բառերով՝ ես ուրախ եմ ստանձնել այս դերակատարությունը: Այս մարդկանց համար Հայաստանում պաշտպանության նախարար աշխատելը, մի պետությունում, որի տարածքային ամբողջականությունը խաթարված է, իրենք համարում են դերակատարություն, այսինքն դեր են խաղում:
Այս մարդկանց համար այդ պահին պաշտպանության նախարար կաշխատեն, ասֆալտ փռող կաշխատեն, թե իրենց իրական դերով հանդես կգան, մասնավորապես, ծառայել այս պետության շահերի դեմ թուրքին, իրենց համար նորմալ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:











