Պե՞տք է ավելի արդյունավետ լինենք՝ վստահաբար, եւ լինելու ենք. դիմադրության շարժման սկիզբը դրա մասին էր, եթե ուշադիր լինեք մեր հայտարարությանը, կնկատեք, որ շատ ավելի ակտիվ գործողություններ ենք իրականացնելու, որոնց արդյունքներն էլ կտեսնենք: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով առկա իրավիճակում իրենց՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի գործողություններին:

«Այդ առումով քննադատության մեջ հիմքեր կան, բայց նաեւ կարող ենք ասել, որ մեր գործողություններով հանրությանը պետք է ներկայացնենք իրականությունը: Ձեզ թվում է՝ մինչեւ ընտրություններում Սյունիքում մեր հայրենակիցները գիտե՞ին, որ այս իշխանությունները թշնամու լեզվով են խոսում՝ օգտագործում են «Էյվազլի» եւ նման բառեր, մինչեւ հունիսի 20-ը նրանք չէին օգտագործում: Մեր հայրենակիցներից շատերը շատ հարցերի պատասխաններ չեն ունեցել: Ստի եւ կեղծիքի, Սեւերի եւ սպիտակների բաժանելու մեխանիզմը նրան էր հասցրել, որ մարդիկ չգիտեին, որ Փաշինյանը հպարտ է 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով, մարդիկ էլ գալիս են ու շնորհակալություն են դրա համար հայտնում: Այս մանդատն այդ իմաստով օգտակարության որոշակի գործակից կարող է ունենալ: Եթե նկատում ենք, որ դա իր նպատակին չի ծառայում, այդ դեպքում որեւէ գործողության դիմելու հարցում սահմանափակում մենք չունենք:

Արամ Վարդեւանյանը պնդեց՝ եթե ընդդիմությունը որոշի վայր դնել պատգամավորական մանդատները, դա իրավական որեւէ հետեւանք, ըստ Սահմանադրության, չի առաջացնի:

«Սահմանադրության մեջ մանդատներ վայր դնելն ինքնին հետեւանք չի նախատեսում, դա լավ է, թե վատ, գնահատական չեմ տալիս, պարզապես փաստն եմ ասում: Ցանկացած իրավաբանի մոտենաք ու այդ հարցը տաք, նույնն են ասելու, որ դա հետեւանք չի առաջացնելու: Այս իշխանությունը Սահմանադրությունը խախտելու հարցում որեւէ դիսկոմֆորտ չի զգում, դա նրանց դեռ խրախուսում է: Հիմա ինչ, որ ընդդիմությունը մանդատները վայր դնի, դա իրենք ի՞նչ է անելու, իմ կարծիքով՝ որեւէ ազդեցություն չի ունենալու»,- նշեց պատգամավորը: