Առաջին անգամ «Ռուսկիյե վիտյազի»-ն ցուցադրել են իրենց արվեստը Հայաստանում: Ցուցադրական թռիչքը կայացել է նոյեմբերի 21-ին եւ նվիրվել ՌԴ ՊՆ Մյասնիկովի անվան ռազմական ավիացիոն ուսումնարանի 111-ամյակին:
Երեւանյան «Էրեբունի» օդակայանում հավաքված հանդիսատեսը ստացավ եզակի հնարավորություն տեսնել փառահեղ «Վիտյազների» արվեստը: Չորս ինքնաթիռները փոխգնդապետ Անդրեյ Ալեքսեւեի գվարդիայի հրամանատարության ներքո ցուցադրել են բարձրագույն ավիացիայի պատկերներ՝ շեղանկյուն, խիտ շեղանկյուն, աղեղ, Նեստերովի օղակներ, տակառներ, կիսատակառներ, սինքրոն տակառներ եւ այլն: Պատկերները կատարվել են հարձակման կրիտիկական անկյան տակ եւ հսկայական ծանրաբեռնվածություններով՝ օդանավերի եւ օդաչուների հնարավորությունների եզրին:
Վարպետ օդաչուները կատարել են բարձրագույն ավիացիայի պատկերները 30 տոննա կշռող Սու 30 ՍՄ օդանավերով ավելի քան 700 կմ/ժ արագությամբ թեւերի միջեւ շուրջ երկու մետր հեռավորության պայմաններում:
Նախքան ցուցադրական թռիչքները կարճ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Հայաստանում լեգենդար խմբի ցուցադրությունը բարեկամության, հարգանքի, համերաշխության նշան է ՌԴ ղեկավարության, պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ: «Դա շատ կարեւոր է այս բարդ շրջանում, որն ապրում է մեր եղբայրական երկիրը, եւ այն, ինչը մենք կտեսնենք այսօր, ոչ միայն բարձրագույն ավիացիայի, ռուս օդաչուների մարտարվեստի խորհրդանիշ է, այլ նաեւ մեր եղբայրական միութենական հարաբերությունների վկայություն է»,-ընդգծել է դեսպանը:
Ավելի վաղ «Ռուսկիյե վիտյազին» ելույթ էին ունեցել ԱՄԷ-ի ավիասրահում:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսկիյե Վիտյազի» ավիացիոն խումբը աշխարհում միակն է, որը կատարում է միայնակ եւ խմբակային պիլոտաժներ ծանր կործանիչների վրա: Ավիախումբը ստեղծվել է 1991 թվականի ապրիլի 5-ին «Կուբինկա» օդանավակայանում (Մոսկվայի մարզ) ավիացիոն տեխնիկայի ցուցադրման կենտրոնի 1-ին ավիացիոն էսկադրիլիայի հիման վրա: 1991 թվականի սկզբին վերջնականապես ձեւավորվեց վեց ինքնաթիռներից բաղկացած ավիացիոն խմբի կազմը, եւ նույն թվականի ապրիլի 5-ին պաշտոնապես ստեղծվեց ավիացիոն խումբը, որը ստացավ «Ռուսկիյե Վիտյազի» անվանումը։ Նոր ստորաբաժանման համար հորինվել է տարբերանշան՝ վահան, որի կապույտ ֆոնի վրա չորս ինքնաթիռներով շեղանկյուն է, իսկ օդաչուների համար կարվել են հատուկ կոմբինեզոններ։
2016 թվականին ավիախմբի զինանոցը համալրվել է Սու-30ՍՄ ինքնաթիռներով։ Օդաչուները լիովին յուրացրել են դրանք եւ իրականացնում են թարմացված օդային ծրագիր նորագույն բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներով, որոնք հնարավորություն են տալիս ցուցադրել ժամանակակից ավիացիոն համակարգերի գերմանեւրելի բնութագրերը։ 2019 թվականի նոյեմբերին «Ռուսկիյե Վիտյազի»-ն ստացավ Սու-35Ս կործանիչներ:
«4+» եւ «4++» սերնդի կործանիչները, որոնց թվում են Սու-30ՍՄ-ն եւ Սու-35Ս-ը, առանձնանում են օդանավերի կառավարման նոր համակարգով, սպառազինության նոր համալիրով եւ ավիոնիկայով։ Այս ինքնաթիռներն ունեն նոր շարժիչներ, որոնք թույլ են տալիս օդաչուներին վստահորեն վարել դրանք, կառավարել ինքնաթիռը գերմանեւրելու ռեժիմում եւ ցանկացած արագությամբ:











