«Բոլորս հանուն ազատության» անունը կրող բողոքի ցույցն ընդդեմ սանիտարական միջոցների, որին կիրակի Բրյուսելում մասնակցել է շուրջ 35 հազար մարդ, ավարտվել է ոստիկանության կողմից ջրցանների եւ արցունքաբեր գազի օգտագործմամբ, ինչպես նաեւ վանդալիզմի ակտերով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ի սկզբանե ակցիան թույլատրվել էր քաղաքային իշխանությունների կողմից: Ցուցարարները 14:00-ին սկսել էին ակցիան, սակայն 17:00-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ցույցն ավարտվել է, եւ մարդիկ սկսել էին տուն գնալ, բայց շուրջ 2 հազար մարդ հրաժարվել էր լքել փողոցներն ու կենտրոնացել էր Եվրոպական թաղամասի Հիսունամյակի այգում: Նրանք սկսել էին բարիկադներ կառուցել, քարեր եւ պայթուցիկ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ, որոնք ի պատասխան կիրառել էին արցունքաբեր գազ եւ ջրցաններ: Արդյունքում բողոքի ակցիան ավարտվել էր այրվող բարիկադներով, ոստիկանության վնասված մեքենաներով, վանդալիզմի ակտերով, այդ թվում՝ սրճարանների եւ քաղաքի ռեստորանների վրա հարձակումներով:

Նոյեմբերի 1-ից Բելգիայում սահմանվել են QR-կոդեր երկրի ամբողջ տարածքում ռեստորաններ ու բարեր, հիվանդանոցներ, ժամանցային եւ սպորտային հաստատություններ մուտք գործելու համար: Բելգիացիները բոլոր այդ հաստատությունները կարող են այցելել միայն երեք դեպքում, եթե ամբողջովին պատվաստվել են առնվազն երկու շաբաթ առաջ, եթե հիվանդացել են COVID-19-ով վերջին կես տարվա ընթացքում կամ հանձնել են ՊՇՌ թեստ բացասական արդյունքով վերջին 72 ժամում: Միակ մեղմացումն արվել է ռեստորանների համար, որտեղ չպատվաստված քաղաքացիներին թույլատրվում է գտնվել միայն բացօթյա պատշգամբներում: