Կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում, որոնք պնդում են, որ պարեկները ծեծել են իրենց հարազատին՝ Սերգեյ Շաքարյանին՝ մեքենան սխալ տեղ կայանելու համար։ Նրանց խոսքով, դատարանը Սերգեյ Շաքարյանին կալանավորելու որոշում է կայացրել։
«Այսօր դատավոր Սիմոնյանի որոշմամբ իմ տղային կալանավորում են, 3 անչափահաս երեխայի հորը: Ես հարկեր եմ վճաչրում, որ պարեկները իմ փողով գան իմ երեխային տնից տանեն: Երկու դատը տեղի է ունեցել, արդարացրել են, էսօր որոշում է կայացվել, որ կալանավորեն: Իմ տղան ասել է՝ մեքենան տարեք, չեն համաձայնել, բիրտ ուժ են կիրառել: Ինքը ուժ չի կիրառել, միայն այն ժամանակ է պաշտպանվել, երբ պատրոլն իրան խփել է»,-ասաց Սերգեյի մայրը, որի ձեռքին կար որդու լուսանկարը, դեմքին արյուն:
Նա մանրամասնեց, որ երբ պարեկները մոտեցել են, որդին ասել է, որ մարդ է սպասում, 5 րոպեից մեքենան կհանի սխալ կայանված վայրից, երբ չեն համաձայնել սպասել, որդին ասել է՝ եթե տանում եք, տարեք մեքենան:
Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ պարեկը սխալ ցուցմունք է տվել. «Համ բիրտ ուժը կիրառել է, համ էլ բողոք է ներկայացրել, երբ մենք պետք է բողոք ներկայացնեինք»:











