Կարծում եմ՝ այլեւս ակնհայտ է, որ երբ արտաքին ճակատում իրավիճակը սրվում է, Նիկոլ Փաշինյանն ավելի ուժգին է միացնում իր ռեպրեսիվ մեքենան՝ փորձելով այդ կերպ հանրության ուշադրությունը շեղել հիմնական խնդիրներից ու մեր երկրի առջեւ եղած մարտահրավերներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ կալանավորելու միջնորդություն ներկայացնելուն:

«Երբ վերջին համապետական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, հուսամ վերջին անգամ, ձայներ էր մուրում, ասում էր, որ իրեն ընտրելու դեպքում Հայաստանի համար խաղաղության դարաշրջան է բացվելու, բայց տեսանք, որ դրանից հետո նորից տարածքային կորուստներ, զոհեր ունեցանք, եւ սպասված խաղաղությունն այդպես էլ, իհարկե, չեկավ: Ավելին, կորցնելով Արցախը՝ բոլոր այն մարդիկ, որոնք չէին հասկանում Արցախի կարեւորությունը նաեւ Հայաստանի անվտանգության համար, հասկացանք, որ Արցախը բեռ չէր, այլ արժեք էր, պաշտպանիչ վահան եւ, իրականում, Արցախն էր ՀՀ-ի անվտանգության երաշխավորն իրականում:

Հենց այս րոպեներին Բրյուսելում եռակողմ հանդիպում է ընթանում, որից առաջ Ալիեւը հայտարարեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք»-ը Լաչինի միջանցքին հավասար ռեժիմ պետք է ունենա: Հետո Նիկոլ Փաշինյանը խրոխտ կերպով արձագանքեց ֆեյսբուքյան իր պատին, ենթադրում եմ՝ հիմա էլ պատասխան պահանջող հայացքով, հուսանք, փորձելու է պարզաբանումներ ստանալ: Դրանից առաջ Սոչիում բանակցություններից հետո հայտարարվեց, որ փոխվարչապետերի մակարդակով բանակցությունները պետք է տան իրենց արդյունքը, եւ մենք դա չտեսանք: Այլեւս մեր քաղաքացիների համար ակնհայտ է դառնում, որ այս իշխանություններն անկարող են պահել մեր ազգային շահը երկրից դուրս, իսկ երկրի ներսում փորձում են լռեցնել բոլոր ընդդիմադիրներին եւ սպասվելիք, հնարավոր փաստաթղթի ստորագրումից առաջ վախեցնել մարդկանց աչքը: Այսօր թե՛ Նարեկ Մանթաշյանի ձերբակալումը, թե՛ Նարեկ Սամսոնյանին ասֆալտին փռելու օպերացիան դրա համար էին»,- նկատեց պատգամավորը:

Խամոյանի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է շեղել օրակարգը, մոլորեցնել մարդկանց, որ չհնչեցնեն հարցադրումներ ու պատասխաններ իրենից չպահնաջեն:

«Բայց դա նրան չի հաջողվելու՝ մեր հասարակությունը, միանշանակ, իրենից պատասխաններ է պահանջելու: Թուրքիայի հետ, փաստորեն, գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել, եւ երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը լուսավորեց մեզ՝ հայտնելով, որ հատուկ ներկայացուցիչներ են նշանակվելու հարաբերությունների կարգավորման համար, եւ միայն այսօր առավոտյան մեր ԱԳՆ-ն հաստատեց տեղեկությունն ու կարեւորեց հատուկ ներկայացուցչի նշանակման փաստն ու հարաբերությունների հաստատումը, Թուրքիան արդեն խոսում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, դեսպանատուն բացելու մասին: Մենք այս մասին իմանում ենք թուրք պաշտոնյաներից, ադրբեջանական մամուլից, եւ դրանից հետո են միայն մեր իշխանությունները հաստատում կամ շարունակում հերքել հայ ժողովրդից թաքուն իրականացվող պրոցեսները՝ օպերատիվ կապի միջոցով՝ Էրդողանի հետ, Վրաստանի վարչապետի միջոցով կամ այլ գաղտնի կապի միջոցով: Ակնհայտ է, որ գաղտնի պրոցեսներ են գնում, իշխանությունը թշնամու հետ ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ է ձեռք բերում»,- նշեց Խամոյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, քննվում է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։