Անցնող ամիսներին պարբերաբար անհանգստություն էր հայտնվում, որ Ադրբեջանը շարունակաբար խոսում է միջանցքի մասին, իսկ ՀՀ իշխանությունները բավարարվում էին հայտարարելով, որ միջանցքային տրամաբանություն գոյություն չունի. Երեկ պարզապես Ադրբեջանի նախագահը հստակ, պարզ խոսեց այն, ինչը, ենթադրել է, որ խոսում էր փակ դռների հետեւում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Ալիեւի հայտարարությունները, ով հավասարության նշան դրեց Լաչինի եւ Զանգեզուրի միջանցքների միջեւ:
«Երեկ Փաշինյանը արձագանքեց դրան մինչեւ հանդիպումը: Ուղղակի ողբերգություն է, որ արտաքին հարաբերությունների նման մակարդակի բանակցությունների արդյունքները կարող են ձեւակերպվել ֆեյսբուքյան մի գրառումով: Փաշինյանի երկրորդ գրառումը որեւէ բանի մասին չէր: Այն, որ սպառնում էր, որ ես խոսելու եմ եւ այլն, եւ Միշելի հայտարարության մեջ որեւէ ձեւ դա նկատելի չէր, եւ նաեւ Փաշինյանի հայտարարության մեջ: Այն, ինչ Փաշինյանը գրել էր երկաթուղիների մասին, կարող էր գրել, որ արեւը ելնում է արեւելքից եւ մայր է մտնում արեւմուտքում»,-ասաց նա:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Փաշինյանը խուսափել էր խոսել ռազմագերիների մասին, որը ըստ եվրոպացի դիվանագետի հայտարարության կալանավորվածներ են, խուսափել էր խոսել երկրների սուվերենության մասին, դա վերաբերում է միայն երկաթգծի՞ն, թե բոլոր կոմունիկացիաներին, որը արդեն վտանգ է պարունակում. «Մյուսը, որ Հայաստանը վերադարձրել է բոլոր քարտեզները, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ընդհանրապես տեղ չուներ: Սա գալիս է վկայելու, որ նոյեմբերի 9-ին Փաշինյանը գլուխը կորցրած ստորագրել է միանձնյա կապիտուլյացիոն հայտարարություն՝ չխորհրդակցելով ռազմաքաղաքական այլ կենտրոնների հետ եւ չապահովագրելով այն բոլոր խութերը, որոնք այսօր օգտագործում է Ադրբեջանը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ալիեւը սպառնաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա Ադրբեջանին միջանցք տրամադրելու կետը եւ Հայաստանն ուզի-չուզի, պետք է միջանցք տա, Գեղամ Մանուկյանն ասաց. «Ալիեւը գլուխը պատով է տվել: Դա արդեն Հայաստանի կողմից բանակցողի ունակություններից, խելքից, կամքից ամրությունից էր կախված, թե ինչպես կպահեր իրեն Ադրբեջանը: Հասարակության լայն շրջանակների կողմից, որ հստակ ձեւակերպվում էր, որ Փաշինյանը կորցրել է բոլոր հնարավորությունները, որ կարողանա ՀՀ անունից բանակցել, հենց սրա մասին էր խոսքը: Որովհետեւ Ալիեւի համար իր դիմաց նստածը պարտված վարչապետն է»:











