«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է սկսել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Քննչական կոմիտեի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ասլանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Կարծում եմ, որ հանրությունը տեղեկացված է ընտրությունների արդյունքների մասին։ Գիտենք, որ երկու օրից պետք է ավագանու նիստ պետք է լիներ, որտեղ արդեն քաղաքապետի ընտրության հարցը պետք է քննարկվեր, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայց է ներկայացվել դատարան, մեկ շաբաթով հետաձգվել է այդ նիստը։ Այս ընթացքում տարօրինակաբար զուգադիպել են այս իրադարձությունները, չնայած մեզ համար տարօրինակություններ չեն դա։ Մենք գտնում ենք, որ դա հատուկ նպատակով է իրականացվել, որպեսզի քրեական հետապնդում սկսեն և Ասլանյանին կալանավորեն, որ Ասլանյանն այդ նիստին չկարողանա ներկա գտնվել»,- նշեց փաստաբանը։
Լուսինե Սահակյանը պնդեց, որ Ասլանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է։
Փաստաբանը հայտնեց, որ քննիչն Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով էլ՝ քանի որ գործընթացն արդեն իսկ նախաձեռնվել է քաղաքական իշխանության հրահանգով, ապա շարունակական գործընթացները ևս տեղի են ունենալու ծիրի մեջ.
«Եթե իրավական առումով խոսենք, արդեն իսկ այս գործընթացը չպետք է տեղի ունենար և հիմա անազատության մեջ Ասլանյանը չպիտի գտնվեր։ Կանխատեսել, թե հետագայում այս քաղաքական հետապնդումն ինչ դրսևորում կունենա, այս պահին անշնորհակալ գործ է։ Մենք տևական ժամանակ է առնչվում ենք քաղաքական հետապնդումների այնպիսի որակի հետ, որ անգամ տրամաբանական բացատրություն գտնել ժամկետների, մեղադրանքների հետ կապված՝ անիմաստ է»։
Վարոսյանն ասաց, որ Ասլանյանը վստահ է՝ այս քրեական գործերը որևէ արդյունք չեն տալու. «Վանաձորցու քվեն իրացվելու է օրենքով սահմանված կարգով, բայց դա ինչ հետևանքներ կունենա իր անձնական ազատության հետ կապված, այս պահին կանխատեսել ոչ ոք չի կարող»։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։











