Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է անցյալ տարվա ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի մասնակցության հայցը։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա, մասնավորապես, ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի լիազորությունները, քանի որ նա երկրի շահերը պաշտպանում է նաեւ միջազգային այլ ատյաններում։ «Մենք այս տարվա մայիսի 9-ին Թուրքիայի դեմ ՄԻԵԴ ներկայացված բողոք ունենք։ Խոսքը 44-օրյա պատերազմին, ինչպես նաեւ վարձկանների հավաքագրմանը, ֆինանսավորմանը եւ տեղափոխմանը Թուրքիայի անմիջական մասնակցության մասին է։ Այսինքն՝ մենք ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ փաստերը»,- ասաց Կիրակոսյանը։

Բողոքը, նրա խոսքով, այժմ դատարանում է։ Այս պահին քննարկվում է, թե որ պալատ է փոխանցվելու հայկական կողմի ներկայացրած պահանջը։
.