Վանաձորի Արցախ պուրակում քաղաքացիները ակցիա են իրականացրել՝ իրենց աջակցությունը հայտնելու համար ՏԻՄ ընտրություններում հաղթած, երեկ ձերբակալված Մամիկոն Ասլանյանին։
Նրանք մեծ պաստառ էին պարզել, որի վրա գրված էր «Ազատություն Մամիկոն Ասլանյանին»:
«Մարդիկ եկել եք տեր կանգնելու իրենց քվեին: Դեկտեմբերի 5-ի ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը բացահայտ առավելությամբ հաղթեց, բայց իշխանությունները չեն կարողանում ընդունել եւ կիրառում են նման ուժ, որն անընդունելի է: Մենք ունենք մեկ պահանջ՝ անհապաղ ազատ արձակել Մամիկոյն Ասլանյանին»,-ասաց ակցիայի մասնակիիցներից մեկը:
Մամիկոն Ասլանյանի պաշտպանները երեկ հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես ասված է.
«Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։
Իշխանության կամքին հակառակ, սակայն ժողովրդի կամոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տարած հերթական անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է։
Հ.Գ. Անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանն իր հերթին խնդրեց փոխանցել իր կողմնակիցներին պահպանել հանգստություն, ինքը հաստատակամ է, վստահ է, որ վանաձորցուն ճնշելն անհնար է, ընտրողի վստահության քվեն չի փոշիանալու և իրացվելու է Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչների կամքին համապատասխան, «ղոչաղ կացեք»։











