Ընդդիմության՝ ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների կալանավորումը կրում է համատարած բնույթ։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջեւ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Վանաձորի նակին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կալանավորումը։

Նրա խոսքով՝ իրադրությունն անհանգիստ է նաեւ Թալինում։ «Տեսեք, թե ինչ պայմաններում է ընթանում քաղաքի ավագանու առաջին նիստը։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Վարդենիսում։ Նույնը կարելի է տեսնել նաեւ Վանաձորում։ Կան նորություններ Ախուրյանից։ Հայաստանում ամենուրեք ճնշում է գործադրվում, խախտվում է օրենքը, ժողովրդի ընտրությունը գործող իշխանությունները փորձում են այս կամ այն կերպ խեղաթյուրել։ Նրանք նորից ցանկանում են զավթել իշխանությունը՝ փորձելով մարել դիմադրության օջախները, որոնք ստեղծվել են մեր երկրում»,- նշեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է եւ տարվել Հայաստանի Քննչական կոմիտե։ Քննությունը Ասլանյանին մեղադրում է պաշտոնեական դիրքի չարաշահման, անձնական դրդապատճառներով ծառայողական կեղծումների եւ մի շարք այլ հանրայնորեն վտանգավոր հանցագործությունների կատարման մեջ։

Նշենք, որ Վանաձորի ընտրություններում Ասլանյանը հաղթանակ էր տարել՝ հետեւում թողնելով իշխանամետ թեկնածուին։

Մինչ ընտրությունները Ասլանյանը հանվել էր պաշտոնից, եւ հոկտեմբերի 12-ին, վարչապետի որոշմամբ, քաղաքապետի պաշտոնակատար էր նշանակվել Վանիկ Օհանյանը, որը ներկայացնում է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ասլանյանն այդ որոշումն անվանել է անօրինական, քանի որ քաղաքապետի պաշտոնը ընտրովի է։ Սրա հետ կապված՝ նրա ազատումը վարչապետի կողմից օրենքով նախատեսված չէ։