Սահմանդրություն փոխելու խնդիրը իշխանության խնդիր է, այլ ոչ թե պետության զարգացման: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:
«Յուրաքանյուր դեպքում, երբ սահմանադրություն է փոխվում սկզբից արվում է ախտորոշում` ինչ խնդիրներ են կուտակված հասարակությունում, որն է խնդիրը մեր պետական կառավարման, որն արգելակում է մեր հետագա զարգացումը: Յուրաքանչյուր սահմանադրական բարեփոխում, որ տեղի է ունեցել թե 2005 թվականին, թե 2015 թվականին, եղել են նույն մեթոդաբանությամբ: Այսօր պատկերը ամբողջովին հակառակն է` չկա որեւէ ախտորոշում, այլ կա ուղղակի կարծես թե պատվեր: Որեւէ մեկը չի բարձրաձայնել, թե գործող սահմանադրության որ խնդիրներն են, որ մտահոգություն են առաջացնում: Ցավոք սրտի` տպավորությունս այն է, որ ինչպես Սահմանադրությունը փոխվեց մեկ օրվա ընթացքում` 2 ընթերցմամբ վերջերս, նմանատիպ քայլ ձեռնարկվելու է, այսինքն որեւէ մի կոնկրետ պետական կարեւորություն չունեցող խնդիր, սակայն որը կարող է անձնական նշանակություն ունենալ Նիկոլ Փաշինյանի համար, կամ իր իշխանության համար, փորձում են լուծել: Այսինքն խնդիրը իշխանության խնդիր է, այլ ոչ թե պետության զարգացման»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է նորից ցանկանում են անցնել նախագահական համակարգին, որպեսզի Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, եւ արդյոք սխալ համակարգ էր խորհրդարանական համակարգը, Հարությունյանը ասաց, որ ոչ թե համակարգն էր սխալ, այլ կոնկրետ անձի կամ քաղաքական թիմի ապաշնորհ կառավարման արդյունք էր:
«Կարծում եմ, որ մոդելը ճիշտ մոդել է, այն որեւէ կերպ չի շաղկապվում ապաշնորհ կառավարման հետ: Սահմանադրական բարեփոխումներով նրանք ցանկանում են լուծել իրենց իշխանությունը պահելու, վերարտադրվելու խնդիրն են ընդամենը փորձում լուծել»,-ասաց նա` նշելով, որ չի կարծում` այս իշխանությունները կունենան երկար կյանք:
Հարությունյանի կարծիքով` մեր պատմության 30-ամյա ընթացքում մենք չենք ունեցել նման մարտահրավերներ, ինչպիսին որ ունենք այսօր:











