Իշխանության գալն ինքնանպատակ չի լինում, սրանց նպատակը միակն է` ուրանալ ամեն ինչ, քայքայել դարերով ձեռք բերված ազգային արժեքները, չկանգնել ոչնչի առաջ, միայն պահպանել  իշխանության աթոռները: Այսդ մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ 18-րդ համագումարում ասել է ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

«Անփորձ, իշխանության տենչանք ունեցող պատահականություններին բերել իշխանության, սակայն փողոցը մնաց անդրդվելի, եւ մենք պետք է ընտրություն կատարեինք իշխանության եւ արյունահեղության միջեւ: Մենք կատարեցինք օրեցօր կուրացող ամբոխախառն ժողովրդի կամքը եւ հրաժարվեցինք իշխանությունից:  Ժողովրդավարություն բարբառող ուժերը սկսեցին հակաժողովրդավարական, անմարդկային, անբարոյական եղանակներով փորձ կատարել վարկաբեկել մեր կուսակցության համբավն ու տարեգրությունը: Շինծու քրեական գործեր, դագաղներ, հետապնդուներ, ընտանիքի անդամներին եւ հարազատներին ահաբեկումներ, ազգը պառակտել սեւերի եւ սպիտակների, սրանք էին ամեն գնով իշխանության  հասնելու նրանց որդեգրած սկզբունքները:  Համաշխարհային պատմության մեջ չես գտնի երկրորդ դեպքը, որ նման ռեպրեսիաներից հետո կուսակցությունը մնա կանգուն, հաստատակամ եւ ամենատարբեր գնահատականներով ամենակայացած ընդդիմադիր ուժն այսօր: Իշխանության գալն ինքնանպատակ չի լինում, սրանց նպատակը միակն է` ուրանալ ամեն ինչ, քայքայել դարերով ձեռք բերված ազգային արժեքները, չկանգնել ոչնչի առաջ, միայն պահպանել  իշխանության աթոռները »,- ասաց նա:

Նրա խոսքով` դրևա վառ վկայությունն է վերջին ՏԻՄ ընտրությունները, երբ համատարած ճնշումներ կիրառեցին իրենց համակիր չհանդիսացող քաղաքացիների վրա:

«Այս ամենից հետո հանրապետության համայնքների ճնշող մեծամասնությունում կրեցին պարտություն, որից հետո սկսվեց ռեպրեսիաների երկրորդ փուլը: Այն համայնքերում, որտեղ գործող իշխանությունը պարտություն էր կրել, սկսվեց շինծու քրեական գործերով ձերբակալություններ` առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրների ցուցակների առաջնորդների գլխավորությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան բռնատիրություն: Լոռեցին մի ասացվածք ունի, ասում են` կրակը հանգչելուց առաջ բոց է տալիս, սա այս իշխանության անասնական վերջին ճիգերն են: Եւ մենք պետք է լինենք համախմբված, որպեսզի դիմակայենք, այլա,պես կկորցնենք ամենաթանկը` հայրենիքը»,-ասաց Բաղդասարյանը: