Ցանկացած առողջ ուժի համար, ով ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար և արձանագրում բոլոր այն խնդիրները, որոնք առկա են նաև այսօր, և բոլոր սպասվող սպառնալիքների համատեքստում բնական է, որ յուրաքանչյուրի համար պետք է տեղի ունենան մարտավարական և ռազմավարական որոշակի վերանայումներ, որոնց նպատակն է Հայաստանում առաջին հերթին հասնել այս իշխանության փոփոխությանը, որովհետև առանց դրա որևէ իրական փոփոխություն մեր կյանքում որևէ կերպ չի լինելու։  Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ հանրագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀկ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Երկու կարևոր խնդիր կա․ նախ, ամփոփելու վերջին երեք տարիներին մեր երկրում տեղի ունեցող գործընթացները, որովհետև ցանկացած քաղաքական ուժի համար այդ գործընթացները տեղավորվում են նաև միջկուսակցական, քաղաքական գործընթացների շրջանակներում։ Ցավալիորեն արձանագրումները վերջին 3 տարիներին բավականին ծանր ու բարդ են՝ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած փոփոխություններ, դրանց հետևած պատերազմական գործողություններ՝ իրենց աղետալի հետևաքներով։ Եվ ցանկացած առողջ ուժի համար, ով ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար և արձանագրում բոլոր այն խնդիրները, որոնք առկա են նաև այսօր, և բոլոր սպասվող սպառնալիքների համատեքստում բնական է, որ յուրաքանչույրի համար պետք է տեղի ունենան մարտավարական և ռազմավարական որոշակի վերանայումներ, որոնց նպատակն է Հայաստանում առաջին հերթին հասնել այս իշխանության փոփոխությանը, որովհետև առանց դրա որևէ իրական փոփոխություն մեր կյանքում որևէ կերպ չի լինելու։ Ավելին, կա վատ արձանագրում մեր երկրի հետ 2018 թվականին և 2020 թվականին գրանցված իրադարձությունների մասով, բայց մենք պետք է արձանագրենք, որ առաջիկայում մեզ նաև սպասվում են նոր փոփոխություններ, այն աղետը, որը եկել է մեր ժողովրդի գլխին, Հայստանի և Արցախի գլխին, ցավալիորեն այսքանով չի սահմանափակվում, և Հայաստանի ցանկացած առողջ ուժի համար պետք է գերագույն նպատակ լինի հասնել այս իշխանության փոփոխությունը»,- ասաց նա

Նրա խոսքով` կա կուսակցության բանաձև, որի մեջ մի կողմից ստեղծված իրավիճակի արձանագրում էր, մյուս կողմից՝ ճանապարհներ, որոնցով իրենք  պետք է շարժվենք։

«Իրար որևէ կերպ բացառելի չեմ համարում խորհրդարանական և փողոցային պայքարի ձևերը։ Օրինակ երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա, ընդվզում իրավապահ համակարգոմ ստեղծված իրավիճակի շուրջ։ Այդ պահին նպատակահարմար էր մեր գնահատակնները հնչեցնել, հավաքվել տարբեր կառույցների մոտ, մենք վարվեցինք այդպես։ Կան իրավիճակներ, որոնք մեզանից պահանջելու են բարձրաձայնումներ կամ գնահատականներ հնչեցնել խորհրդարանական ամբիոնում, օգտվել նաև մանդատի հնարավորությունից, քանի որ մանդատը, ի տարբերություն այս իշխանության, մեզ համար հաճույք կամ արտոնություն չէ, և ակնհայտ է, որ մեր միակ նպատակը մանդատի հնարավորությունն օգտագործելն է մեր գլխավոր նպատակներին հասնելու համար։ Եթե գա պահ, որ մենք հասկանանք, որ դա որևէ կերպ խնդիր չի լուծում, չի նպաստում մեր գլխավոր խնդիրների լուծմանը, բնականաբար այդ ժամանակ նաև կքննարկվի նպատակահարմարությունը դրանցից ազատվելու: Իրականության մեջ մանդատները մեր գլխավոր նպատակին հասնելու ճանապարհին կարող են 1-2 անգամ պետք գալ։ Մյուս կողմից՝ դրանք նաև հնարավորություն են իշխանությանը տարբեր փուլերում մաշեցնելու, մեր հանրության հետ երկխոսությունը նաև այդ ձևով ծավալելու համար, որովհետև որ կողմից էլ գնահատենք իրադարձությունները՝ մեզ համար ակնհայտ է, որ երկրում փոփոխություններ իրականացնելու և իշխանափոխույան հասնելու գլխավոր ճանապարհը հանրության հետ ճիշտ կոմունիկացիայի միջոցով երկխոսության հասնելն է»,- ասաց նա։

Նրա խոսքով` երբ մինչև 2018 թվականը գնահատական էր տրկում ՀՀԿ-ին կամ նրա իշխանության ժամանակահատվածին, երբ գնահատական է տրվում նաև 2018-2021 թվականներին ընդդիմության իրականացրած գործողությունների մասով, ապա  իրենց գլխավոր բացթողումը և 2021 թվականին գրանցված ընտրությունների արդյունքների գլխավոր խնդիրն ու բացն այն էր, որ հանրությանը լիաժեքորեն հնարավորություն չեղավ ներկայացնելու այս իշխանության քայլերը, որոնք իրենց բերել, հասցրել են այս կետին, մյուս կողմից իրենց հնարավորություն չտրվեց ամբողջությամբ ընկալելի լինել հասարակության համար։

«Այս իրականության մեջ գլխավորն այն է, որ հիասթափության ֆոնին այսօր մարդիկ ոչ միայն ապագա չեն տեսնում իրենց երկրում, այլև այստեղ մնացողներն էլ հիասթափվում ենն, և բոլոր առողջ ուժերի գլխավոր նպատակներից է նաև այս հուսահատությունը ցրելը և ընդդիմադիր ուժերի, որոնք իրոք ուզում են հասնել այս իշխանության փոփոխությանը, որովհետև մեզնում կան ուժեր, որոնք պայմանականորեն գրվում են որպես ընդդիմադիրներ, բայց և՛ ՏԻՄ ընտրությունները, և՛ 2018 և 2020 թվականների այս գործընթացները ցույց տվեցին, թե ովքեր են իրականում պայքարում այս իշխանության դեմ, և որոշակի առումով մաղեցին դաշտը: Օրեր առաջ 3-օրյա կուսակցական այց ենք ունեցել Արցախի Հանրապետություն։ Այսօր մենք Արցախի ընդդիամդիր ուժերի հետ ընդհանուր մոտեցում ենք մշակում։ Մեր գլխավոր նպատակները համընկնում են, և մենք նաև նրանց հետ աշխատում ենք՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է պայքարը Հայաստանում և Արցախում դարձնել ավելի արդյունավետ։ Արցախում էլ կա ցանկություն պայքարելու իրենց գործող իշխանության դեմ, կան ուժեր, որոնք շահագրգռվածություն են ներկայացնում, կան ուժեր, որոնք բավականին ակտիվ են, սակայն որոշակի հանգամանքներից ելնելով, նաև նրանից, որ իրական խնդիրը սկսվում է Հայաստանից, և Հայաստանում այդ խնդրի լուծումը ավտոմատ բերելու է Արցախում դրա լուծմանը, բնականաբար մեզ մղում է շատ ավելի ակտիվ աշխատել տեղում։ Երկրորդը, Արցախում կան հետպատերազմյան որոշակի առանձնահատկություններ՝ կապված ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակի հետ, առկա են նաև որոշակի անվտանգային խնդիրներ, և մենք Արցախին վերաբերող հարցերին ավելի նուրբ ենք մոտենում։ Եվ հաշվի առնելով, որ գործընթացները հիմնականում կախված են Հայաստանից՝ մենք մեր բոլոր ուժերը հիմնականում կենտրոնացրել ենք Հայաստանում, ինչը չի նշանակում, որ մեր խոսքն ու անելիքը արցախցիների համար ընկալելի չպետք է լինի»,-ասաց նա։