«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմության փոխարեն թեկնածու չի առաջադրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում փոխնախագահի ընտրության քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, ամեն անգամ այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Ինքը՝ Ղազինյանը, ինչպես եւ ընդդիմության մյուս ներկայացուցիչները, այս անգամ եւս ներկա չէին նիստին։
««Հայաստան» խմբակցությունը նոր թեկնածու չի առաջադրել։ Այսպիսով, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ թեկնածու առաջադրելու իրավունքը պետք է փոխանցվեր մեծամասնությանը։ Տվյալ դեպքում խոսքը «Քաղաքացիական պայմանագրի» մասին է»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Միաժամանակ, Քոչարյանը նշեց, որ իշխող մեծամասնությունը մեկ անգամ չէ, որ փորձել է կոնսենսուսի գալ ընդդիմության հետ, սակայն բոլոր փորձերը ձախողվել են։
«Այնուամենայնիվ, եթե դա տեղի չունենա, ապա հանձնաժողովի հաջորդ արտահերթ նիստում ՔՊ-ն կառաջադրի իր թեկնածուին»,-ընդգծեց Քոչարյանը։
Այսպիսով, ձախողվեց նաեւ մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրելու 15-րդ փորձը։











