Կարծում եմ՝ ժամանակավրեպ էին նման ծախսերը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կիսում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքը՝ ԱԺ նախագահի համար 200 հազար դոլարով մեքենա գնելու անընդունելիության մասին։
Նրա խոսքով՝ քաղաքական կուսակցությունները տարբեր փուլերում տարբեր սխալներ են թույլ տալիս, սակայն չի կարելի ասել, որ եթե այդ սխալները թույլ են տալիս, ուրեմն ամեն ինչ սխալ ուղու վրա է։
Նա պարզաբանեց, որ անվստահություն չի հայտնել քաղաքապետին, այլ տվել է միայն իր համաձայնությունը։ «Ես գոհ եմ Հայկ Մարությանի աշխատանքից՝ որպես Երեւանի քաղաքապետ եւ փոխարինում եմ այն խղճով, որ պետք է ավարտին հասցնենք 2018 թվականից սկսած ծրագրերը։ Նախընտրական ծրագրի իրականացմանը մնացել է 2 տարի։ Վերջին երեք տարիների ընթացքում պետությունը բազմաթիվ փորձությունների միջով է անցել, սակայն մենք հասել ենք հաջողությունների»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
Առաջին փոխքաղաքապետը նշեց, որ դեմ չէ ավտոբուսներ գնելուն, քանի որ ինքն է համակարգում այդ աշխատանքը։ «Եղել են այնպիսի խոսակցություններ, որ այդ ավտոբուսները լավը չեն եւ պետք է նորերը բերել։ Այսինքն՝ անհրաժեշտ էր հարթել քաղաքական անհարթությունները, մոտեցումները տարբեր էին։ Ես կողմ էի ավտոբուսների գնմանը, որոնք բերվեցին՝ հաշվի առնելով Երեւանի բյուջեն»,-պարզաբանեց պաշտոնյան։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունենում մայրաքաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում է «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծը։











