«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ֆինանսական աջակցությամբ 2021 թվականին երեք սոցիալական պատասխանատվության ծրագիր է իրականացվել, որոնց միջոցով կայուն զարգացման հնարավորություններ են ստեղծվել անհատների ու խմբերի, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության համար։ Դրանք ոչ շահութաբեր ներդրումներ են, որոնք կյանքի են կոչվել բիզնես-հասարակություն-պետություն համագործակցության արդյունքում։ Դեկտեմբերի 16-ին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հետ համատեղությամբ կազմակերպված միջոցառմանը ընկերությունը ամփոփեց անցնող տարին։ Միջոցառմանը ներկա՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նկատեց՝ «Ֆիլիպ Մորրիսի» գործունեությունը բիզնես-կառավարություն գործընկերության լավ օրինակ է։

 

«Եթե մենք բիզնեսին միայն նայում ենք, որ հարկատու է ինքը և պարտավոր է դա անել, էդ դեպքում պետություններն էլ հաջողություն չեն ունենում, կառավարություններն էլ հաջողություն չեն ունենում։ Իսկ եթե դուք բիզնեսին նայում եք որպես գործընկեր, որն իր ռիսկի շնորհիվ բացի հարկ վճարելուց նաև պատրաստակամ է այլ հարցեր լուծել, սա ստացվում է այն գործընկերային հարաբերությունները, որի մասին մենք երազում ենք և որը մենք ուզում ենք ստեղծել»,- նշեց նախարարը։

«Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը կյանքի ու տնտեսության վերափոխմանն օժանդակող իր ծրագրերին զուգահեռ ինքն էլ է ընկերության ներսում վերափոխման գործընթացներ նախաձեռնել՝ առաջնորդվելով այն կարգախոսով, որ բիզնեսը ոչ միայն շահութաբեր պետք է լինի, այլեւ նպաստի մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։ Առիթից օգտվելով՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Միհաել Սոլթերը  ծխողներին կոչ արեց հրաժարվել այդ սովորությունից։

«Բոլորին էլ արդեն հայտնի է, որ  ծխելը վնասակար է։ Եվ իմ հստակ համոզմունքն է, որ դուք երբեք չպետք է սկսեք ծխել․ մի մտածեք այդ մասին անգամ։ Եթե ծխում եք, հենց այսօր ծխախոտը դեն նետեք ու թողեք։ Դա ամենալավ որոշումն է, որ կարող եք կայացնել ձեր կյանքում։ Միևնույն ժամանակ, մենք հստակ գիտակցում ենք, որ չափահաս շատ ծխողներ կորոշեն չհրաժարվել սիգարետից, և հենց նրանց է, որ պետք է ավելի լավ այլընտրանք առաջարկել։ Սա է պատճառը, որ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել վերափոխման մեջ»,- նշեց Միհաել Սոլթերը։

Համաշխարհային էկոլոգիական լուրջ մարտահրավերների պայմաններում ժամանակակից խոշոր բիզնեսները փոխում են իրենց արդյունաբերական քաղաքականությունը՝ նվազագույնի հասցնելով վնասը բնությանը եւ մարդուն։ Ֆիլլիպ Մորիսը վերջին 5 տարիների ընթացքում համաշխարհային մակարդակով կրճատել է ջրի սպառումը 25%-ով, ածխաթթու գազի արտանետումները՝ 39-ով։ Ավելին՝ Ֆիլիպ Մորրիսը վերամշակում է իր առաջացրած թափոնների 84%-ը։ Նախարար Վահագն Խաչատուրյանը նկատեց՝ այսպիսին պետք է լինի ժամանակակից պատասխանատու բիզնեսի գործելաոճը։ 

«Երբ նավթ են արդյունահանել, ոչ ոք չի մտածել, որ ամբողջ շրջակա միջավայրը կամ բնությունը պետք է աղտոտվի կամ վնաս հասցվի։ Մարդկանց պետք էր նավթ։ Հիմա երբ խոսում ենք, ասենք, չիպերի արտադրության մասին, ինչ-որ մի կոմպոնենտ շատ վտանգավոր է։ Էդ շատ վտանգավորը պետք է նվազեցնենք։ Երկրի համար կարևոր է՝ ինչպես կարելի է բարձր տեխնոլոգիաները օգտագործել առողջության համար ամենավտանգավոր երևույթները մեկուսացնելու կամ նվազեցնելու, պակասեցնելու առումով։ Ես չեմ ծխում, չեմ ծխել, հիմա ինձ համարում եմ ծխողների իրավունքները պաշտպանող անձնավորություն, որովհետև կյանքում իմ սկզբունքը այն չէ, որ արգելելով արդյունքի հասնենք։ Հիմա «Ֆիլիպ Մորրիսի» այս տեխնոլոգիական նորամուծությունները, կարծում եմ, հենց դրան են ուղղված, որ ինքը այլընտրանք է առաջարկում բոլոր բնագավառներում»,– նշեց նախարարը։

Ծխելուց վնասը մարդու առողջությանը հասցնել նվազագույնի՝ այս կարգախոսով է այժմ առաջնորդվում «Ֆիլիպ Մորրիսը» նոր արտադրանք մշակելիս։ Այդ նպատակով ընկերությունը համաշխարհային մակարդակով կատարվող գիտահետազոտական աշխատանքներում ներդրել է 8 մլրդ դոլար, ընդ որում՝ 3-րդ գիտահետազոտական կենտրոնը Շվեյցարիայից ու Սինգապուրից հետո բացվել է Հայաստանում։ Մեր երկրում միայն 10 միլիոն դրամի ներդրում է կատարվել՝ շենքային ժամանակակից հարմարություններ ստեղծելու, կրթաթոշակներ տրամադրելու, գիտական խմբերին աջակցելու տեսքով։ Ընդ որում, ընկերությունն այժմ ներդրումներ է անում նաեւ այն ոլորտներում, որոնք ծխախոտային արդյունաբերության հետ կապ չունեն։

«Ֆիլիպ Մորրիսը որոշել է արագացնել իր փոխակերպումը, ուստի այս տարի մենք մտանք դեղագործական ոլորտ։ Գուցե դուք հարցնեք՝ ինչպես կարող է Ֆիլիպ Մորրիսի նման ընկերությունը մտնել դեղագործական ոլորտ։ Բանն այն է, որ մենք այս տարի այնպիսի ընկերություններ ձեռք բերեցինք, ինչպիսիք են Ֆերտին Ֆարման ու Վեկտուրան, ինչը կարագացնի մեր բիզնեսի փոխակերպումը դեպի առանց ծխախոտի ու առանց նիկոտինի ուղղություններ։ Մինչև 2025 թվականը մենք համաշխարհային մակարդակով նշաձող ենք սահմանել՝ նիկոտինի հետ ոչ մի առնչություն չունեցող բիզնեսի ուղղություններով ապահովել 1 մլրդ դոլարի զուտ շահույթ»,– նշեց ընկերության գլխավոր կառավարիչը։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» տարեկան նաեւ մի քանի դրամաշնորհային ծրագրեր է ֆինանսավորում, որոնց նպատակն է կայուն զարգացման հնարավորություններ ստեղծել սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաեւ նորարարական գաղափարներ ունեցողների համար։ Դրանք իրենց հերթին նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը։ Ամեն տարի 3-ից 4 նման ծրագիր է ֆինանսավորվում։ Այս տարվա ծրագրերի ընտրության վրա ազդել են պանդեմիայի եւ պատերազմի հետեւանքով երկրում առաջացած նոր մարտահրավերները։

«Մեր այս տարվա միջոցառումները նպատակաուղղված են երկրի տնտեսության, բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։ Մենք կարեւորում ենք, որ գյուղատնտեսության, շինարարության, թեթեւ արդյունաբերության եւ այլ ոլորտներում տեխնոլոգիաները զբաղեցնեն առաջնային դեր։ Այդ նպատակով պետք է զարգացնենք մեր ունեցած ներուժը։ Մարզերում, օրինակ, մեծ պոտենցիալ կա, որը կարող ենք ավելի ակտիվացնել՝ հնարավորություն տալով մարզերին ավելի արագ զարգանալ։ Եթե որեւէ քայլ պետք է դանդաղ արվի, մենք փորձում ենք մեր փոքրիկ լուման ունենալ, որպեսզի ընթացքն ավելի արագացնենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» արտաքին կապերի ղեկավար Վիկտորիա Պողոսյանը՝ ամփոփելով անցնող տարին։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» ֆինանսավորած ծրագրերից մեկը «Ապագա» բարեգործական հիմնադրամի «Արժանապատիվ ապագայի կառուցումն» է։ Ծրագրի միջոցով 45 շահառու նոր մասնագիտություն է ձեռք բերել, աշխատանք գտել կամ սկսել սեփական բիզնեսը։ Շահառուներից մի քանիսը, օրինակ, ճագարի ֆերմա են հիմնել, որի համար անհրաժեշտ ճագարները, բներն ու դեղորայքը ստացել են ծրագրի շրջանակում։

«Մեր ծրագրերն ունեն մեկ հիմնական նպատակ՝ օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին ձեռք բերել ինչ-որ մասնագիտություն, ստանալ համապատասխան հմտություններ եւ կարողություններ, այնուհետեւ մեր աջակցությամբ հիմնել իրենց փոքր գործը եւ սեփական աշխատանքի միջոցով հաղթահարել այն դժվարությունները, որոնց նրանք բախվել են կյանքի ընթացքում։ Ծրագրում ընդգրկված ընտանիքներն այժմ ունեն իրենց գործը, կայուն եկամուտ եւ կարողանում են բացառապես իրենց աշխատանքի միջոցով հաղթահարել կամ լուծել իրենց ընտանիքի խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Տաթեւ Այրումյանը։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ֆինանսավորմամբ, «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի օգնությամբ, աշխատաշուկա վերադառնալու հարցում օգնություն են ստանում 44-օրյա պատերազմի մասնակիցները։ «Նոր էջ» ծրագրով նրանք նոր գիտելիքներ են ձեռք բերում կամ վերապատրաստվում իրենց մասնագիտություններով։ Ծրագրի շրջանակում անցած մեկ տարվա ընթացքում 2000 պատերազմի մասնակցի վերաբերյալ տվյալների բազա է հավաքվել, նրանցից 700-ն արդեն անցել են դասընթացներ, 35-ը՝ ծրագրի օգնությամբ աշխատանք գտել։

«Ծրագրի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մենք պատերազմական գործողություններին մասնակից երիտասարդներին օգնում ենք վերադառնալ աշխատաշուկա։ Նախ խորքային հասկանում ենք՝ ինչ են նրանք կարողանում անել, ինչ գիտեն, ապա հասկանում ենք՝ ինչ են ուզում, եւ համապատասխան զարգացման, մասնագիտական կողմնորոշման, հմտությունների զարգացման ծրագրեր են մշակվում։ Առկա են 21 ուղղությամբ մասնագիտացումներ. այսինքն՝ կա եւ գործատուների կողմից պահանջ, եւ տղաների կողմից հետաքրքրություն։ Մասնագիտությունները շատ բազմապիսի են՝ ծրագրավորում, հաշվապահություն, ֆինանսներ, մարկետինգ, ոսկերչություն, տատու մաստեր, վարսավիր»,- նշեց «Հայաստանի մարդկային ռեսուսրների ասոցիացիա»-ի նախագահ Արփի Կարապետյանը։

2021 թվականին Ֆիլիպ Մորիս Արմենիան նաեւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ է համագործակցել։ Ֆինանսավորել է տեխնոլոգիական ոլորտներում ոչ տեխնոլոգիական լուծումների 25 հեռանկարային գաղափար։ Լավագույն առաջարկներ ներկայացրած թիմերը 3000 դոլարական գումար են ստացել։

«Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը նաև այլ ավանդական ոլորտներն են։ Որպեսզի տնտեսությունը կարողանանք տեղափոխել այլ հարթակ, շատ կարևոր է որոշակի բալանսավորում ունենալ տեխնոլոգիական ու ոչ տեխնոլոգիական ոլորտների մեջ՝ հնարավորություն տալ տեխնոլոգիաներին ներթափանցել ավանդական տնտեսության ճյուղեր և փոխել իրավիճակ՝ էապես բարձրացնելով արդյունավետությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում ունեցանք 117 փայլուն գաղափար, 25 հաղթող թիմ, որոնցից 9-ը շրջաններից էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանը։   

Արդեն երրորդ տարին է, ինչ Ֆիլիպ Մորիսը Հայաստանում արժանանում է Լավագույն գործատու հավաստագրմանը, ինչը ընկերությունում համարում են իրենց  մարդակենտրոն կառավարման ու բիզնեսի նոր մշակույթի ներդրման գնահատական։ Ֆիլիպ Մորրիսը նաեւ միակ ընկերությունն է, որը համաշխարհային մակարդակով արժանացել է հավասար վարձատրման հավաստագրին։ Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու նպատակով ընկերությունը վերջին 5 տարիների ընթացքում համաշխարհային մակարդակով կրճատել է ջրի սպառումը 25%-ով, ինչպես նաև կրճատել է ածխաթթու գազի արտանետումները գրեթե 39%-ով` նպատակ ունենալով մինչև 2030 թվականը ապահովել առանց ածխաթթու գազի արտազատման արտադրություն։ Ֆիլիպ Մորրիսը նաեւ վերամշակում է իր կողմից առաջացրած թափոնների 84%-ը։