Միանշանակ է, որ Հայաստանում պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, որովհետեւ ցանկացած իրավական նորմ, ժամանակի ընթացքում թույլ է տալիս իր արդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Արդյունավետությունը գնահատվում է պրակտիկայում: Նախքան այդ փոփոխություններն իրականացնելը պետք է լրջագույն մոնիտորինգ իրականացնել պետական կառավարման համակարգում, հասկանալ՝ որտեղ են բացերը: Կյանքը ցույց է տալիս, որ մի շարք խնդիրներ կան եւ եթե Սահմանադրությունում մի շարք փոփոխություններ իրականացվեն, պետական կառավարումը շատ ավելի արդյունավետ կլինի»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանությունը գնում է կառավարման մոդելի փոփոխության, թե ոչ, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել այս պահին, որովհետեւ միանգամից հախուռն ասել, որ շատ լավ է նախագահական համակարգը կամ շատ վատ է խորհրդարանականը կամ կիսանախագահականը, ես այս պահին նման հայտարարություն չեմ անի: Դա լուրջ մասնագետների, սահմանադրագետների, պետական կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող մարդկանց միասնական աշխատանքի արդյունքը պետք է լինի»:

Դիտարկմանը, որ միշտ ասվել է, որ ամեն իշխանություն փորձել է իր հագով կարել Սահմանադրությունը, արդյոք կարելի է դա վերագրել նաեւ այս իշխանությանը, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «բավականին լուրջ քննադատություններ կարող են հնչել, որ իշխանությունը փորձում է իր հագով կարել  Սահմանադրությունը: Դա պետք է բացառվի եւ բացառվում է: Եթե իշխանությունը փոխում է Սահմանադրության մեջ ինչ-որ բան, որ իր դիրքերն ամրապնդվի, այսօր դիրքերն ամրապնդված են, ժողովուրդն ընտրել է այս իշխանությանը եւ այդ առումով որեւէ խնդիր չկա:

Կառավարման մի հմակարգից մյուսին անցնելը բավականին լուրջ ցնցում է, սթրես է պետական կառավարման համակարգում: Դա կրելու են իշխանությունները: Եթե իշխանությունները պատրաստ են կրել այդ ցնցումները, ես չեմ կարծում, որ դա որեւէ կերպ շահավետ է իշխանություններին, գնալ այդ քայլին: Սահմանադրությունը պետք է միտված լինի ապագային, որ տասնամյակներ կարիք չլինի փոխել Սահմանադրությունը: Որքանով պետական կառավարումը պայմանավորված չէ անձերով, այդքան այդ կառավարումն արդյունավետ է»,-ընդգծեց նա: