Նիկոլ Փաշինյանի բոլոր ասուլսիների նպատակն է համակերպումը Արցախի կորստի հետ, եւ ձգտումն ապացուցելու, որ կատարվածն իր ձախողումը չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«2021 թվականին իշխանությունը փորձեց սպանել մեր կորցրածը հետ բերելու, կորուստները վերականգնելու բոլոր հույսերը։ Վերջին ասուլիսի ժամանակ, երբ ինքն այդ հայտարարությունն արեց, շատ լավ հասկանում էր սպասվող արձագանքները, սակայն դեզինտերգրացիոն պրոցեսները Հայաստանի եւ Արցախի միջեւ ցանկանում էր արագացնել։ Մարդիկ ամբողջովին լվացել են իրենց ձեռքերն Արցախից, կարծես Արցախը Հայաստան չէ, իսկ արցախցիներն էլ հայեր չեն։ Փաշինյանը ցանկանա գնալ Արցախ, պատկերացնում եմ՝ ինչ ջերմ ողջույնի կարժանա։ Չգիտեմ՝ ինքը վախենում է գնալ Արցախ, որովհետեւ ավելի շատ ադրբեջանցիների՞ց է վախենում, թե՞ արցախցիներից: Ո՞վ ասաց, որ Արցախում միայն հայերեն են ապրել, ոչ ոք։ Բայց ավելի լավ էր՝ Շուշիում ծածանվեր հայկական դրոշը, Արցախը լիներ անկախ, Շուշիում էլ ապրեր ադրբեջանական փոքրամասնությունը»,- նշեց նա։

Անդրադառնալով Արցախի խորհրդարանի հայտարարությանը՝ Խաչատրյանը նշեց, որ նախորդող գիշերը այլ տեքստ էր շրջանառվում՝ շատ ավելի խիստ։

«Վերջիվերջո, Արցախի խորհրդարանը հիշեցրեց Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշումը, որով ուղղակի արգելում էր Հայաստանի գործադիր իշխանությանը գալ այնպիսի համաձայնության, որով Արցախը կդիտվեր Ադրբեջանի կազմում։ Բայց նախապես եղել է ավելի խիստ հայտարարություն, սակայն պրոցեսներ են տեղի ունեցել Արցախում, ինչի արդյունքում տեքստը մեղմվել է, բայց, ամեն դեպքում այն հարված էր Հայաստանի իշխանությանը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Այն որ հայտարարության տեքստը մեղմվեց, բյուջեին դեմ քվեարկեց Սամվել Բաբայանի կուսակցությունը, ցույց տվեց, որ Արցախում որոշակի պրոցեսներ են ընթանում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ փորձ արեց ստիպելու հաշըվել այն մտքին, որ Արցախը վաղուց հանձնված է եղել:

«Եթե այս իշխանությունները մնան, ես կանխատեսում եմ, որ կփակեն Արցախի հետ վերամիավորման կամ Արցախի անկախության էջը։ Նրանք ամեն ինչ կանեն, որ Արցախը որպես ինքնուրույն միավոր գոյություն չունենա, որ Արցախը չխանգարի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իրենց բիզնես ծրագիրն իրականացնել։ Պատահական չէ, որ վերջերս Հայաստան ժամանեց Ժիրայի Լիպարիտյանը եւ իր հարցազրույցի մեջ մեղմ ակնարկեց, որ Արցախի իշխանություններն էլ իրենց օրակարգն ունեն։ Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա.ինչ-որ լղոզված տերմին է օգտագործվում։ Այս իշխանությունն ամեն կերպ լղոզում, չի պատասխանում, թե ինչպես է տեսնում արցախյան հարցի կարգավորումը»,- ընդծեց Խաչատրյանը։