2022 թվականի բյուջեն ես կանվանեմ «անթասիբ» բյուջե, որի հիմնավորումները կգտնենք բյուջեի ուղերձի որոշ կետերում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը՝ հավելելով, որ իր բազմաթիվ առաջարկներ տեղ չեն գտել բյուջեի նախագծում։
«Արդյոք այս բյուջեի նախագիծը որևէ կապ ունի պատերազմում պարտված և պատերազմող պետության մայրաքաղաքի հետ, ես կասեմ՝ ոչ։ 2022 թվականի բյուջեում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ճիշտ հակառակը՝ ունեցանք անթասիբ և բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե»,-ասաց նա և ափսոսանք հայտնեց դրա համար։ Նա հույս հայտնեց, որ կլրացվեն բարձրացված խնդիրները։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չհամաձայնեց հնչած գնահատականի հետ և նշեց, որ քաղաքապետարանի աշխատանքը նման գնահատականի արժանի չէր. «Մի հատ պլանը չհաստատելու համար չի ստացվում որ անթասիբ բյուջե է, կարծում եմ, որ ճիշտ որակավորում չէ»,-ասաց նա։
Ավագանու այլ անդամների ևս դուր չեկավ Անտոնյանի՝ «անթասիբ» որակումը։
Արման Անտոնյանն ասաց՝ բոլորը գիտեն, թե ինչի մասին է խոսքը. «Եվ գիտեք ինչի արդյունքում օգոստոսի մեկին տեղի ունեցավ Երևանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձ, և դրանից առաջ էլ և հետո էլ մենք որևէ դաս չենք քաղել՝ ի դեմս ձեզ»,-ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստում 36 կողմ ձայնով հաստատեց Երևանի 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ Երևանի բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 94 միլիարդ 560 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 98 միլիարդ 821 միլիոն դրամ: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2021 թվականի հաստատված ցուցանիշին շուրջ 2.2 միլիարդ դրամի չափով:
Բյուջեի ծախսերի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:











