«Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի՝ Վարդաշեն 9-րդ փողոցում գործող անօթեւանների կացարանը 2010 թվականից գործում է։ Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն տարի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել, ինչին իրենք ամեն տարի մասնակցել են։
«Մենք միշտ մասնակցել ենք եւ հաղթել ենք։ Միայն մենք ունենք հավաստագիր անօթեւան մարդկանց խնդիրներով զբաղվելու համար։ Այս տարի մենք հայտնվել ենք ֆինանսների նախարարության ինչ-որ ցուցակում, ըստ որի՝ չենք կարող մասնակցել այդ մրցույթին։ Մրցույթն անցկացվում է դեկտեմբեր ամիսն, եւ պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով՝ ինչը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Այսպիսով՝ այս տարի չկա որեւէ փաստաթուղթ, որը կդառնա իրավական հիմք անօթեւաններին պահելու համար։ Հետեւաբար՝ անօթեւանները պետք է տեղափոխվեն հիմնարկից»,- նշեց Խաչատրյանը։
Կացարանի գործունեության դադարեցմանը դեմ են այնտեղ ապրող անօթեւանները։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ շատ գոհ են կացարանի ղեկավարությունից եւ աշխատակազմից, բնակիչներն էլ արդեն բարեկամացել են միմյանց։ Բացի այդ՝ նրանք մտահոգություն հայտնեցին, որ իրենց որեւէ տեղ չեն տեղափոխի եւ իրենք առանց տանիքի կմնան։
«Մարդիկ տներում Նոր տարի են անում, մենք պետք է դուրսը մնանք։ Ուզում եմ, որ մեզ ընդառաջեն եւ մենք շարունակենք ապրել այստեղ»,- ասաց բնակիչներից մեկը։
«Մի կողմից տանջված ենք արդեն, հիմա էլ ասում եք՝ 31-ին դուրս գամ, ո՞ւր գնանք։ Թե՞ գնանք վարչապետի դուռը ծեծենք։ Եթե փողոց են հանում մարդկանց, ինքըստինքյան հանցագործ են դարձնում»,- նշեց մի բնակիչ։
Կացարանում ապրում է 93 անօթեւան, աշխատակազմը քսանութհոգանոց է։ Աշխատակիցների խոսքով՝ իրենց այլընտրանքային աշխատանք չի առաջարկվել։
Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում պետությունն իրենց տվել է միայն աշխատակիցների նվազագույն աշխատավարձը եւ յուրաքանչյուր անօթեւանի օրվա սննդի համար 760 դրամ։
Ի պատասխան «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից օթևանի տրամադրման ծառայություններից օգտվող քաղաքացիների մտահոգությունների՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հայտնել է, որ նախարարությունը շարունակելու է վերջիններին օթևանի տրամադրման գործընթացը։
«Այս ծառայությունը մինչ այժմ մատուցվում էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից, որի համար հիմք հանդիսացող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ՝ անօթևան անձանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ մատուցելու համար, որին, սակայն, որևէ կազմակերպություն չի դիմել (հղումը՝ https://bit.ly/31djnPW )։ Չի դիմել նաև «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը, քանի որ վերջինս մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24․08․21 թ․-ին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ։
Ելնելով վերոգրյալից և կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը՝ նախարարությունը հանձն է առել կազմակերպելու անօթևան անձանց օթևանով ապահվելու գործընթացը՝ 2022 թվականի հունվարի 1-ից այն կազմակերպելով «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում և համապատասխան ֆինանսավորմամբ։
Ինչ վերաբերում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ վերոնշյալ լուծված պայմանագրին, տեղեկացնենք, որ 2021 թվականի մարտի 29-ին կնքված պայմանագրի հիման վրա՝ պետությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցելու նպատակով։ Սակայն, նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը թույլ է տվել մի շարք լուրջ խախտումներ և բացթողումներ։
Պարզվել է, որ շահառուների ընտրությունն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով․ օրինակ՝ որպես շահառու ընդգրկվել են քաղաքացիներ, ովքեր ոչ հաշմանդամություն ունեցող անձ են և ոչ էլ տարեց, բացի այդ եղել են նաև քաղաքացիներ՝ տուբերկուլյոզ կամ շիզոֆրենիա ախտորոշմամբ։ Շահառուների ընդունման, հաշվառման, դուրսգրման առկա փաստաթղթերը կազմված են եղել էական թերություններով և բացթողումներով․ ուսումնասիրության պահին ոչ մի շահառու չի ունեցել համապատասխան այցետետր՝ ստացած ծառայությունների, այցելությունների և այլնի նշագրումով։ Բնակիչների հետ չեն տարվել աշխատանքային թերապիաներ, պատշաճ կերպով չի իրականացվել շահառուների ազատ ժամանցի կազմակերպման գործընթացը և այլն։
Հիմք ընդունելով ուսումնասիրությունների արդյունքները՝ պաշտոնական գրություն է ուղարկվել հիմնադրամին՝ առաջարկելով վերոնշյալ խախտումների վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել պարզաբանումներ, որոնք, սակայն եղել են ոչ հիմնավոր։ Ուստի որոշում է կայացվել լուծել պայմանագիրը (պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ծանուցումը սահմանված կարգով 11.08.2021թ․ հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում․ հղումը՝ https://bit.ly/3mGHjCG):
Ուստի, կարևորելով անօթևան անձանց մատուցվող ծառայությունների որակն ու դրանց պատշաճ իրականացումը, նախարարությունը սահմանված կարգով կհոգա քաղաքացիների կեցության հարցը՝ մինչ 2021 թ․դեկտեմբերի 31-ը կազմակերպելով վերջիններիս տեղափոխումը «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք»,- հայտնում են նախարարությունից։











