Վարդենիս համայնքի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 30-ի անդրանիկ նիստից առաջ ավագանու անդամների միջեւ թեժ վիճաբանություն եղավ, անգամ քաշքշոց:

Միջադեպը գրանցվեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ից համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանի եւ ««Ահարոն Խաչատրյան» դաշինքից Կարեն Մկրտչյանի միջեւ, որն ինչ-որ ժամանակ աշխատել է համայնքապետարանում:

Միջադեպից հետո Արամ Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Այստեղ կան մարդիկ, որոնք պատշաճ չեն դրսեւորել իրենց համայնքում եւ համայնքապետարանի մեկ տարվա աշխատանքի ընթացքում: Այդ մարդը (նկատի ունի Կարեն Մկրտչյանին-խմբ) կմասնակցի քվեարկությանը, բաց ոչ նիստին: Ամեն մարդ պետք է արժանի լինի նիստին մասնակցելու, համայնքի կառավարմանը մասնակցելու համար:

Շատ բաներ կան, որ պետք է բացահայտվեն, ես այսպես չեմ թողնի:

Երբ պետության բյուջեն թալանում են 200-300 մլն դրամի չափով, այսինքն մոտավորապես առաջնագծում 60 դիրքի կահավորման ու կացարաններ հիմնելու չափով գումար, եւ մի օր դրա համար մարդը պետք է պատասխան տա; Ես այստեղ ոչ մի կապ չունեմ»:

Հարցին, թե արդոք քաղաքական հետապնդում չէ, երբ ընտրություններից հետո կալանավորվում է «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, նա պատասխանեց. «Ես չեմ համարում, որ քաղաքական հետապնդում է. եթե մարդը ի վիճակի է թալանել բյուջեն, պետք է պատասխան տա, ով ուզում է լինի»:

Արամ Մելքոնյանը հավաստիացրեց, որ ՔՊ-ն թեկնածու առաջադրելու է, թեեւ 27 հոգանոց ավագանիում ունի 13 մանդատ, ինչը բավարար չէ համայնքապետ ընտրվելու համար. «Մենք ֆորսմաժոր չենք ստեղծելու, ամեն ինչում ուղիղ ենք եւ պարզ ենք: Ցույց կտա նիստը՝ կընտրվեմ, թե ոչ»:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։