Վարդենիսի քաղաքապետարանում իրավիճակը չի հանգուցալուծվում. Թեեւ Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամները անդրանիկ նիստը շարունակեցին եւ 14 կողմ ձայներով համայնքապետ ընտրեցին իրենց թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին, սակայն որպեսզի այդ որոշումն օրինական լինի, պետք է կազմվի արձանագրություն եւ հանձնվի աշխատակազմին: Սակայն այս պահին աշխատակազմից ոչ ոք չկա, որ կազմված արձանագրությունը հանձնեն նրան:
Ավագանու նիստի սկզբում ներկա էր աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը, սակայն նա կեսից դուրս եկավ եւ հայտարարեց, որ նիստն օրինական չի կարող համարվել, քանի որ ըստ օրենսդրության, եթե մինչեւ ժամը 12-ը նիստը չի կայացել, ապա այն տեղափոխվում է հաջորդ օրը, իսկ քանի որ հաջորդ օրը աշխատանքային չէ, ապա տեղափոխվում է հունվարի 3-ին:
Ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել էր աշխատակազմից մեկ այլ աշխատակցի բերել, որ արձանագրություն կազմվի, սակայն նա զանգ ստացավ, որից հետո պատռեց իր գրածը եւ դուրս եկավ սենյակից:
Ընդդիմադիրները համարում են, որ նիստը օրիանական եւ իրավազոր, քանի որ ներկա են 27 հոգուց 14-ը:
Նշենք, որ դրսում բազմաթիվ վարդենիսցիներ են հավաքված, որոնք պահանջում են անպայման կազմել արձանագրությունը եւ օրինական ճանաչել Ահարոն Խաչատրյանի ընտրությունը:
Քաղաքապետարանում բազմաթիվ ոստիկաններ կան: Աշխատակազմի ղեկավար Կամո Զարոյանը եւս շենքում է, սակայն ոստիկաններով շրջապատված:
Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստն էր, սկզբում քվորում ապահովվեց, սակայն միջադեպ եղավ համայնքապետի պաշտոնակատարի, Քավագանու ՔՊ-ական անդամ Արամ Մելքոնյանի եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո ոստիկանություն հրավիրվեց, փորձեցին բերման ենթարկել «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին: Արդյունքում նիստն ընդհատվեց: Աշխատամկազմի ղեկավարը հայտարարեց, որ հաջորդ նիստը պետք է գումարվի վաղը, սակայն քանի որ ոչ աշխատանքային է, կգումարվի հունվարի 3-ին: Սակայն ընդդիմադիր անդամները որոշեցին, որ այսօր իրավունք ունեն նիստը շարունակել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։
Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվել էր, համայնքապետ չէր ընտրվել։











