Այս տարվա 11 ամիսների տվյալներով մենք ունենք 5,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իմ գնահատականն այն էր, որ պետք է լիներ 4-4,5 տոկոսի շրջանակներում,սակայն նոյեմբերին մենք ունեցանք աննախադեպ աճ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Սակայն հետաքրքիր է, որ հոկետմբերի համեմատ նոյեմբերն ավելի պասիվ ամիս էր, քանի որ նախորդ տարի հոկտեմբերին մեզ մոտ պատերազմ էր: Մենք ունեինք շատ ավելի ցածր արդյունք, քան նոյեմբերին, երբ պատերազմն արդեն վերջացրել էինք:

Մենք ամենաշատ աճը ունեցանք երկրորդ եռամսյակում, քանի որ 2020-ի այդ ժամանակահատվածում մենք լոքդաունի գնացինք: Բայց հետո աճի տեմպերը դանդաղեցին, երրորդ եռամսյակում ունեցանք ընդամենը 2,9 տոկոս աճ, այն դեպքում երբ երկրորդ եռամսյակում աճը 11 տոկոսից ավելի էր:

Եթե մենք 4-րդ եռամսյակը չփակենք երկնիշ աճով, ապա տարին կփակենք 5 տոկոսից ցածր աճով»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ բան կախված է դեկտեմբերի թվերից, որոնք կամփոփվեն հունվարին:

Վաչե Գաբրիելյանը ընդգծեց, որ 2022 թվականի ընթացքում հավանական է, որ հասնենք հետպատերազմյան ցուցանիշներին:

«Կառավարությունը 2022-ի համար կանխատեսել է 7 տոկոս տնտեսական աճ, որը բավական լավատեսական է: Եթե անգամ հիմք ընդունենք, որ 2022-ին կունենանք 4-4,5 տոկոս աճ, ապա 2022-ի կեսերին կգանք այն արտադրանքի ծավալին, որն ունեինք 2019-ին»,-ընդգծեց նախկին փոխվարչապետը: