Այս իշխանություններին թվում է, թե Աշոտ Երկաթին նոր տարուն կալանքի տակ պահելով իր համար դժվարություն են ստեղծելու. Դուք ունակ չեք դա հասկանալ, բայց Աշոտ Երկաթը առաջնագծում է Նոր տարի դիմավորել, րանով պետք է իրեն վախեցնե՞ք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այս ակցիան միայն Աշոտ Մինասյանի ազատության համար չէ, այլեւ մնացած քաղբանտարկյալների:
«Ես երկու ուղերձ ունեմ. Առաջինը սրանց է. հնարավոր չի մեզ կոտրել կալանավորելով, մեր վրա ոստիկան կամ քննիչ ուղարկելով: Երկրորդ ուղերձը բոլոր նրանց, որոնք իր հրամանով արագ-արագ, շըփ-թըփ գործ են կարում: Գործն էլ որ փլվում է, շարունակում են անազատության մեջ պահել թուրքին կզցրած հրամանատարներին: Ինչ-որ պահի, ու էդ պահը շատ մոտ է, երբ իր հոգեվարքի վերջին փուլը լինի, բոլորիդ ա քցելու, բոլորդ եք հայտնվելու անազատության մեջ: Ինքն ասելու է՝ ես պատասխանատուն եմ, բայց մեղավոր չեմ, իրենք են մեղավորները: Արժի՞ մինչեւ կյանքի վերջ դավաճանի կամակատարի կնիքը կրել սեփական ճակատի վրա»,-ասաց Մամիջանյանը:
Նա մաղթեց իրենց պայքարի ընկերներին ազատություն, մեր երկրին արժանապատիվ խաղաղություն եւ առանց Նիկոլ Հայաստան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ օրերս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։
Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը վերջապես հանգել է հետևության, որ նկարագրված գործողությունները հանցագործություններ չեն հանդիսանում, և այդ մասով Աշոտ Մինասյանն ունի արդարացվածի կարգավիճակ։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միմիայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (միջին ծանրության հանցանք, առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում)։
Հիշեցնեմ, որ խոսքը գնում է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Սիսիան քաղաքում հայտնաբերված զենք- ռազմամթերքին, որի հետ Աշոտ Մինասյանի կապն այնքան է, որքան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացունը։











