Նախարարության առաջարկը ոչ մի ձեւ չի բխում մեր շահերից, իրանք իրանց բերանով ասացին, որ ուղղորդված բան կա՝ մեր տնօրենի հետ կապված, վերջում էլ մեր վրա քմծիծաղ էին տալիս, մենք էլ ասացինք, որ խոսալու բան չունենք իրանց հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման գնացած անօթեւաններից մեկը։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Վարդաշեն 9-րդ փողոցում գործող անօթեւանների կացարանի բնակիչներն այսօր՝ հունվարի 3-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիմաց: Նրանք հանդիպում էին պահանջում նախարարի եւ վարչապետի հետ: Հունվարի 1-ին կացարանը փակվել է, քանի որ նախարարությունը բարեգործական հիմնադրամի հետ նոր պայմանագիր չի կնքել՝ որոշակի թերացումներ թույլ տալու հիմքով, եւ որոշվել է, որ բնակիչներին կացարան Հաղթանակ թաղամասում՝ «Երեւանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերից մեկում։ Անօթեւանները, սակայն, դեմ են այս տարբերակին։

«Հանդիպմանը փոխնախարար կար, նախարարության գլխավոր քարտուղար կար, էլի մարդիկ կային։ Մարդկայնորեն խնդրում էինք, որ էս ձմեռվա կեսին մեզ չհանեն, էս օրը չգցեն, 6 ամիս հետո հանեն, իրանք անպայման ուզում էին քցեին մեր տնօրենին, մենք էլ ասացինք, որ չենք ուզում բան խոսենք։ Մենք գնացին նախարարություն՝ նորմալ, մարդկային լեզվով խոսելու, բայց ծաղրեցին ու քմծիծաղ տվեցինք մեզ»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։

Անօթեւան մնացած քաղաքացիներին զայրացրել է, իրենց պնդմամբ, անհարգալից ու ծաղրական վերաբերմունքն իրենց խնդրի ու առաջարկների առնչությամբ։

«Վարչության պետը, պետի տեղակալներ, տարեցների հարցերով զբաղվողներ, ի՞նչ ա՝ ծաղրածու ե՞նք, որ նստել ծիծաղում, քմծիծաղ են տալիս, պարո՛ն Փաշինյան, սրա համար է՞ր էս մեր հեղափոխությունը, որ մարդուն կանչեն ու ծաղրեն, էսքան ոտնահարված ե՞ն մեր իրավունքները։ Պատճառաբանություններն անհիմն են, ասում են՝ բացթողումներ է ունեցել հիմնարկը, եթե կան նման բաներ, դրանք չպետք է խանգարեն այս ծրագրին, ասում են՝ գործերը չեն ուղարկվել մարդկանց, իսկ ես գիտեմ, որ 6-7 ամիս մարդկանց գործերն ուղարկել են նախարարություն, ու ոչ մի արձագանք չի եղել նախարարությունից, այդ ամենը բարդեցին բարեգործական հիմնադրամի՝ էդ ծանր բեռի տակ ճկռող տնօրինության ու աշխատակազմի վրա։ Ինչո՞ւ ինչ-որ հիմնավոր պատճառ չեն բերում, թե կոնկրետ ինչ թերացում է եղել հիմնադրամի կողմից անօթեւանների ծրագրում՝ ի՞նչ կապ ունի մեկ այլ ծրագրում եղած թերացումն այս մի ծրագրի հետ, իրենք ոչ մի հստակ հիմնավորում չբերեցին, թե ինչ թերացումներ են եղել հենց անօթեւանների ծրագրում։ Եթե ունեցել են նախապես պայմանավորվածություն, իսկ իրենց խոսալուց երեւաց, որ դա նախապես որոշված էր, բա գոնե մի 3-4 ամիս առաջ չասե՞ն, որ մարդիկ տրամադրվեին, պետք է գար ու վերջին օրվան հասնե՞ր։ Մեզ ասացին, թե, իբր, կացարանի տնօրենն է մեզ ուղղորդել, որ գանք, բողոքի ակցիա անենք, բայց հենց նույն տնօրենը ժողով է արել ու խնդրել, որ ազատենք տարածքը, որովհետեւ ինքն իր հաշվին այլեւս չի կարող մեզ պահել՝ սնունդ ապահովել, կոմունալ ծախսեր հոգալ եւ այլն»,- նշեց բնակիչներից մեկ ուրիշը։

Անօթեւանների կացարանի բնակիչները հայտնեցին՝ նախարարությունում հանդիպման վերջում ասել են, որ չեն պատրաստվում լքել կացարանը, ինչին, ի պատասխան, ասում են, քմծիծաղ են տվել ու ճանապարհել։ Ասում են՝ կացարանում իրենք որեւէ բանի կարիք չունեն, պահանջում են, որ պետությունը շարունակի հիմնադրամի ֆինանսավորումը, որպեսզի անօթեւանների ծրագիրը հնարավոր լինի իրականացնել․ եթե իրենց պետք է այլ հաստատություն տեղափոխեն ու իրենց՝ այդտեղ կեցությունը կազմակերպելու համար ֆինանսավորում հատկացնել, թող նույն ֆինանսավորումն ուղղեն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթեւանների ծրագրին, որի շրջանակում մինչ այժմ օթեւան են ստացել։