«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց: Այս մասին այսօր` հունվարի 7-ին, NEWS.am-ին ասաց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Ես ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը, բայց մինչեւ այդ բողոքի ներկայացումը դատարանին առաջարկել եմ քննարկել` արդյոք ինքը կարող է հանդես գալ որպես արդարադատություն իրականացնող դատավոր, գործը քննել անաչառ, քանի որ առկա էին մի շարք դատավարական պրոբլեմներ: Մանսավորապես, Նարեկ Մանթաշյանը «Հայաստան» դաշինքի անդամ է ԿԸՀ-ի կողմից նա գրանցված թեկնածու է եղել իսկ նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը այն դատախազներից էր, ով դատավարական ղեկավարում եւ դատարանում պաշտպանում էր մեղադրանքը Մարտիի 1-ի խայտառակ գործով: Մեզ համար մտահոգիչ էր, որ Կարեն Բիշարյանը այդ գործով եղել է մեղադրող դատախազ, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործով ունեցել է ամբաստանյալի կարգավիճակ եւ ներկայումս ղեկավարում է կոնկրետ քաղաքական ուժ, որը ներկայացված է ԱԺ-ում, իսկ Մանթաշյանն էլ հանդիսանում է այդ քաղաքական ուժի անդամ»,- ասաց նա` նշելով, որ այդ հիմքով են իրենք մտահագություն հայտնել դատարանում:
Փաստաբանը նշեց, որ դատավորը այս հանգամանքն անտեսեց, ինքնաբացարկ չհայտնեց եւ շարունակեց դատավարությունը:
Նշենք, որ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։
Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։











