20–ամյա Լիլիթ Մեսրոպյանը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի կամավորներից է։ Նա կես տարի է՝ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներին անգլերեն է սովորեցնում։
«Պարբերաբար հետեւում էի «Զինվորի տան» ֆեյսբուքյան էջին եւ նկատեցի, որ կամավորության հնարավորություն կա։ Հայտն ուղարկեցի, ինձ հարցազրույցի հրավիրեցին եւ ես սկսեցի անգլերեն սովորեցնել։ Սկզբում չէի էլ մտածում, որ հնարավորություն կընձեռվի, որովհետեւ շատ փորձառություն չունեի, ինչը պետք է դժվարությունները հաղթահարելու համար, բայց «Զինվորի տանը» հաղթահարելու որեւէ բան չկա։ Տղաներից շատերի հետ հասակակիցներ ենք, ընկերացել ենք իրար հետ, ինչը թույլ է տալիս կարծրատիպերից դուրս գալ եւ դասերն անցկացնել ավելի արդյունավետ»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմում է Լիլիթը։
«Զինվորի տունը» Լիլիթի համար ընտանիք է դարձել։ Նրա խոսքով՝ այստեղ նա սովորեցնելուն զուգահեռ նաեւ սովորում է։
«Ես մեր տղաներից ավելին եմ ստանում, այստեղ շփվում եմ ինձնից տարիքով մեծ մարդկանց հետ, որոնք կյանքի մեծ փորձ ունեն։ Ինձ համար հիմա կյանքն ավելի արժեքավոր է, քան՝ անցյալում, որովհետեւ այն ամենը՝ ինչ չէի նկատում, հիմա ինձ համար դարձել է ամենաէականը։ Մենք չպետք է անընդհատ փորձենք իրենց օգնել, այլ պետք է կյանքը դարձնենք այնպիսին, որ իրենք մեր օգնության կարիքը չունենան եւ ոչ թե ապրեն մեզ համընթաց, այլ մեզ հետ։ «Զինվորի տանը» բոլորը կարծես տանը լինեն, երբ զրուցեք տղաների հետ, կզգաք, որ դուք տանն եք, դուք չեք անհանգստանում, չեք լարվում, հանգիստ ու խաղաղված եք, որովհետեւ իրենք էլ են խաղաղված»,– նշում է Լիլիթը։
Մանրամասները՝ տեսանյութում։











